Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, դրա կարգավորման համար կարևոր են բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար չափազանց կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Կարևոր է, որպեսզի կողմերը հավաքվեն և միասին աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունը արդեն շատ է ձգվում», - բերում է դեսպանի խոսքերը Trend գործակալությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ, շատ ակտիվ աշխատում է, որպեսզի օգնի կողմերին գտնել այս հիմնախնդրի լուծումը:
«Մենք պետք է աջակցենք կողմերին առաջընթաց արձանագրել», - շեշտել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահին, Սեկուտան նշել է, ոչ Ռիչարդ Հոգլանդը ունի ԱՄՆ պետդեպարտամենտում աշխատանքի մեծ փորձ, շատ լավ գիտի այս տարածաշրջանը, աշխատել է դրա հետ:
«Հոգլանդն արդեն սկսել է համագործակցել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, որպեսզի ծանոթանա Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված իրավիճակի հետ, շփվի մարդկանց հետ և օգնի հակամարտության կողմերին հնարավորություն ունենալ հասնելու խաղաղ կարգավորմանը: Հոգլանդը շատ աշխույժ մարդ է և շատ ուժեղ խաղացող և ես կարծում եմ, որ նա իսկապես կկարողանա տեղաշարժել այս գործընթացը»,- հավելել է Բաքվում ԱՄՆ դեսպանը: