24.11.2024
Թուրքիայում հեղաշրջաման փորձ կատարած գեներալի տանը Բագրատունիների մասին գիրք են գտել
prev Նախորդ նորություն

Սոլովյով. Բաքուն հասկանում է, որ Պուտինի օրոք ԼՂ խնդիրը հնարավոր չէ լուծել պատերազմով

Ռուսաստանցի լրագրողի հետ զրույցի ընթաքցում Ալիևը գովել է Պուտինին, դժգոհել ամերիկացիներից:
Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ղարաբաղյան խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական ճանապարհով:


Այս մասին ասել է ռուսաստանցի հայտնի լրագրող, Կրեմլի կողմից վերահսկվող «Ռոսիա 1» հեռուստաընկերության մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Վեստի ֆմ» կոչվող իր հեղինակային ծրագրում, որի ընթացքում նա որոշ մանրամասներ է հայտնել օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում ունեցած հանդիպումից: Սոլովյովն ընդգծել է՝ դա զրույց էր, ոչ թե հարցազրույց, ուստի՝ «շատ բան չի կարող պատմել»։


Ռուսաստանցի լրագրողը, գրում է Ազատությունը, նախ բավական հանգամանորեն պատմել է այն մասին, թե «ինչ կիրթ ու խելացի է Ադրեբջանի նախագահը»: Նա որոշ մանրամասներ է հաղորդել իրենց զրույցի, մասնավորապես, ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածից: Ղարաբաղի կարգավիճակն Ալիևի համար շատ սկզբունքային հարց է, նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, որ նա իր դիրքորոշումը կփոխի, ասել է Սոլովյովը, հավելելով, թե Արդբեջանն այսօր «տարանջատում է Ղարաբաղի և Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը» և «դա կարող է շատ հետաքրքրիր լինել Ռուսաստանի համար»։


Ռուսաստանցի լրագրողը նաև պարզաբանել է, թե ինչու Արդբեջանը միջազգային ատյաններում չի պաշտպանում Ռուսաստանի շահերը, օրինակ, Ուկրաինայի հետ կապված: Ալիևը Սոլովյովին բացատրել է՝ քանի դեռ կա ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանը միշտ քվեարկելու է տարածքային ամբողջականության օգտին։


Լրագրողը հետաքրքիր մանրամասներ է փոխանցել նաև ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին: Ըստ Սոլովյովի, դա կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Նա ընդգծել է՝ Եվրասիական միությունը միայն կշահի, իսկ ղարաբաղյան խնդիրն էլ «ավելի հեշտ կկարգավորվի, եթե Հայստանն ու Ադրեբջանը լինեն մեկ միության կազմում»: Սոլովյովի խոսքով, «Շատ հնարավոր է, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը»:


Սոլովյովն Ալիևի հետ զրուցել է նաև Ադրեբջանի սպառազինությունների մասին: Լրագրողի փոխանցմամբ, միայն Իսրայելից Բաքուն շուրջ 6 միլիարդ դոլարի զենք է գնել։ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ ի վիճակի է ղարաբաղյան խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով։ Այդուամենայնիվ, ռուսաստանցի լրագողի մոտ «տպավորություն է ստեղծվել», թե Արդեբջանի նախագահը կարող է սպասել ևս տաս կամ քսան տարի։


Սոլովյովի կարծիքով՝ Բաքվում հասկանում են, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել միայն Մոսկվայի շնորհիվ: Ռուսաստանցի լրագրողն Ալիևի հետ զրույցի ընթացքում ընդգծել է՝ Ռուսաստանը երբեք չի դավաճանի Արդբեջանին, ինչին ի պատսախան, Ալիևը ճշտում է արել՝ «չի դավաճանի Պուտինը»:


Ալիևն ու Սոլովյովը քննարկել են նաև միջազգային հարցեր: Ալիևն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների միջև այսօր մտերիմ հարաբերություններ են հաստատվել։ Նա բողոքել է ամերիկացիներից, ասելով՝ հենց Ադրբեջանը հզորանում է, «նրանք անմիջապես սկսում են խոսել կոռուպցիայի մասին»: