Խաղաղության պայմանագիրը դեռ չի ազդում Բաքվի զինվորականների դեմ գործերի վրա. Փաշինյան
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին կայացած ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների փաստով հարուցված քրեական վարույթների ճակատագրին։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք 2025 թվականի Վաշինգտոնյան համաձայնագրի և հայցերից փոխադարձ հրաժարման տրամաբանության շրջանակում կարճվել են 2020-ի Հադրութի և 2022-ի Իշխանասարի դեպքերով գործերը, վարչապետը հստակեցրել է գործընթացի իրավական կողմը։
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը ներկայումս միայն նախաստորագրված է, սակայն վավերացված չէ, ուստի ներպետական ընթացակարգերում դրա հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Ըստ Փաշինյանի՝ պայմանագրի տեքստը հրապարակային է, սակայն այն պետք է ենթարկվի մասնագիտական իրավական վերլուծության՝ հասկանալու համար, թե արդյոք առկա են պատճառահետևանքային կապեր փաստաթղթի դրույթների և կոնկրետ քրեական գործերի ընթացքի միջև։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լուծարումից հետո Քննչական կոմիտեի՝ ադրբեջանական հանցագործությունները քննող հատուկ ստորաբաժանման կարգավիճակին, վարչապետը նշել է, որ տեղյակ չէ և հարցը դուրս է իր լիազորությունների շրջանակից։