Մշակութային արժեքների արտահանման համար նոր պետտուրք կսահմանվի
Լուսանկարը` advantour.com
Հայաստանի կառավարությունը վերանայում է մշակութային ժառանգության պահպանության և շրջանառության ոլորտի հարկային քաղաքականությունը՝ նախաձեռնելով մշակութային արժեքների արտահանման համար պետական տուրքի նոր տեսակի սահմանում։
Հունվարի 15-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որի հիմնական նպատակը ազգային օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային կարգավորումներին համապատասխանեցնելն է։
Նոր իրավակարգավորումները կոչված են լրացնելու առկա օրենսդրական բացը, որը ներկայումս թույլ չի տալիս հստակ տարանջատել մշակութային արժեքների արտահանման մաքսային ռեժիմները։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները հնարավորություն կտան ամբողջականացնել մաքսային գործառնությունների շրջանակը և բարձրացնել վարչարարության որակը՝ համահունչ ԵԱՏՄ միասնական ստանդարտներին։
Բացի ընթացակարգերի միասնականացումից, նախաձեռնությունը նպատակ ունի առավել արդյունավետ կանոնակարգել երկրի համար կարևոր նշանակություն ունեցող արժեքների արտաքին առևտուրը։ Ակնկալվում է, որ նոր մեխանիզմների ներդրումը կապահովի արտահանման և ներմուծման գործընթացների թափանցիկությունն ու վերահսկելիությունը։