Նոր դրամաշնորհ. Եվրամիությունը 1,5 մլն եվրո է տրամադրում Հայաստանի ՀԿ-ներին
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ապրիլի 10-ին Երևանում հայտարարել է 1,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար, այս մասին հայնտում է eeas.europa.eu կայքը:
«Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական և վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է: Այդ պատճառով այս հայտամրցույթի ներքո ԵՄ-ն կաջակցի ՔՀԿ-ների կազմակերպած տեղեկատվական արշավներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը` միաժամանակ ներգրավելով քաղաքացիներին»,- նշեց ԵՄ դեսպանը:
«Հայաստանում քաղհասարակության հզորացումը» 1,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիրը նապատակներն են (1) մեծացնել քաղհասարակության մոնիթորինգի կարողությունը, (2) բարձրացնել հանրային հաշվետվողականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով` նպատակ ունենալով փոխել վարքագիծը սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միավայրի, վերամշակման և այլ ոլորտներում և (3) ամրապնդել քաղհասարակությունը ֆինանսական դիվերսիֆիկացման և կայունության միջոցով, օրինակ՝ դրամահավաքներ, քրաուդֆանդինգային արշավներ և սոցիալական ձեռնարկությունների խթանում:
Այս հայտամրցույթը կլրացնի ներկայումս Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն անմիջականորեն աջակցող ծրագրերի ցանկը 30 նոր դրամաշնորհների միջոցով: Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: Այս հայտամրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 1,500,000 եվրո: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 150,000 - 400,000 եվրո: