9.01.2026
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Նշաձողը՝ 3 մլն զբոսաշրջիկ. կառավարությունը հաստատեց նոր ռազմավարությունը

Լուսանկարը` armlur.am
Լուսանկարը` armlur.am

Հայաստանի կառավարությունը հավակնոտ խնդիր է դրել՝ մինչև 2030 թվականը երկիրը դարձնել զբոսաշրջային պահանջված ուղղություն։ Գործադիրը հաստատել է ոլորտի զարգացման հնգամյա ծրագիրը, որն ակնկալում է տարեկան այցելությունների թիվը հասցնել ռեկորդային 3 միլիոնի՝ ապահովելով միլիարդավոր դոլարների եկամուտ։


Ընդունված ռազմավարական ծրագրի իրագործման համար նախատեսվում է ծախսել շուրջ 65 միլիարդ դրամ։ Ակնկալվում է, որ ներդրումների արդյունքում 2030 թվականին զբոսաշրջությունից ստացվող ընդհանուր եկամուտը կհասնի 3,5 միլիարդ դոլարի, որից միայն պետական բյուջեի ուղիղ մուտքերը կկազմեն շուրջ 750 միլիոն դոլար։ Ծրագիրը մեծ տեղ է հատկացնում նաև ներքին զբոսաշրջությանը՝ նպատակ ունենալով ցուցանիշը հասցնել 4,5 միլիոն այցելության։


Փաստաթղթում արձանագրված են ոլորտի հիմնական մարտահրավերները. համավարակից և պատերազմից հետո, չնայած 2023-ի աճին, հաջորդող տարիներին նկատվել է անկում։ Լրջագույն խնդիր է մնում կախվածությունը ռուսական շուկայից, որն ապահովում է զբոսաշրջիկների կեսը, մինչդեռ եվրոպական և իրանական ուղղությունները դեռևս թերզարգացած են։ Բացի այդ, դրամի արժևորումը թանկացրել է ծառայությունները՝ նվազեցնելով երկրի մրցունակությունը։


Իրավիճակը շտկելու համար նախատեսվում է դիվերսիֆիկացնել շուկաները և զարգացնել ենթակառուցվածքները, ինչին կաջակցի նաև Համաշխարհային բանկը։ Շեշտը դրվելու է կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժնի ավելացման վրա, որն այժմ չնչին տոկոս է կազմում։ Ծրագրի շրջանակում կվերանայվի նաև Հայաստանի զբոսաշրջային բրենդը, իսկ մինչ այդ երկիրը կշարունակի ներկայանալ «Հայաստան՝ թաքնված ուղի» կարգախոսով՝ ձգտելով ապահովել տարեկան կայուն 10 տոկոս աճ։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան