25.11.2024
Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց Երևանի համար պայքարից
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում ներկայացված կլինեն չորս ուժեր. ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ Ընտրական օրենսգրքի 75 հոդվածի երրորդ մասի համաձայն՝ քվեարկության օրվանից հետո յոթերորդ օրը՝ արտահերթ նիստին ամփոփեց ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։


Օրենսդիր մարմնում իրենց տեղն ունենալու համար պայքարում էին ԿԸՀ կողմից հաստատված 9 քաղաքական ուժերը՝ 5 կուսակցություն եւ 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների առնվազն 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։


2009 ընտրատեղամասերի վերջնական տվյալներով՝ առաջատարն իշխող Հանրապետական կուսակցությունն է: Այս անգամ խորհրդարանում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հանրապետականն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ երկու դաշինքներ՝ «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները։


Ըստ այդմ` Հանրապետական կուսակցությունը ստանում է 58 մանդատ, որից երեքը` ազգային փոքրամասնություններին (ասորի, քուրդ, եզդի),«Ծառուկյան»դաշինքը` 31, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցչին,«Ելք»դաշինքը` 9, իսկ ՀՅԴ-ին` 7: Տիգրան Մուկուչյանի խոսքով` ոչ մի քաղաքական ուժ լրացուցիչ մանդատ չի ստանալու:


ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:


Ընտրություններին մասնակցած ուժերը ստացել են․


«Ելք» դաշինք- 122 հազար 65 ձայն


«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն- 14 հազար 739 ձայն


«Հայկական վերածնունդ» կուսակցություն- 58 հազար 265 ձայն


«Ծառուկյան» դաշինք- 428 հազար 836 ձայն


«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 25 հազար 950 ձայն


Հանրապետական կուսակցություն- 770 հազար 441 ձայն


Կոմունիստական կուսակցություն- 11 հազար 741 ձայն


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 հազար 508 ձայն


Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն- 103 հազար 48 ձայն


Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675


Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052