«Այլևս վարչապետ չեք». Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրանքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին
Լուսանկարը` 168.am
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ հրաժարվելով ճանաչել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընդդիմադիր գործիչը վարչապետին անվանել է «օտար ուժերի առաքյալ», իսկ իշխանության հետ համագործակցող հոգևորականներին՝ հանցակիցներ։
Հրապարակած հայտարարության մեջ Հովհաննիսյանը ուղիղ տեքստով դիմել է երկրի ղեկավարին՝ պնդելով, որ նա դրժել է իր երդումը և այլևս լեգիտիմ վարչապետ չէ։ Քաղաքական գործիչը Փաշինյանին որակել է որպես «ստորագույն օտար ուժը մարմնավորող», ում գործունեությունը առոչինչ է և չի կարող ճանաչվել հանրության կողմից։
Հովհաննիսյանը սուր քննադատության է ենթարկել նաև այն եպիսկոպոսներին, ովքեր ներգրավվել են իշխանության նախաձեռնություններում։ Նա հոգևորականներին մեղադրել է ինքնախաբեության և «հանցագործ իշխանիկի» գործիքը դառնալու մեջ։ Կուսակցության ղեկավարը կոչ է արել եկեղեցականներին գտնել բարոյական ուժ, հրաժարվել անձնական վախերից կամ շահերից և դուրս գալ, իր բնորոշմամբ, «ոչնչապաշտ ընթացքից»։ Հայտարարությունն ավարտվել է աղոթքով և կոչով՝ հաղթահարելու «հայրենասպան» այս իրավիճակը։