25.12.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Սեփականության փոխարեն՝ օգտագործում. հողային նոր կարգավորումներ Եկեղեցու համար

Լուսանկարը` yerevan.am
Լուսանկարը` yerevan.am

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է իրավական փոփոխություններ, որոնք վերանայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հողամասերի տրամադրման տասնամյակների պատմություն ունեցող կարգը: Դեկտեմբերի 25-ի նիստում հավանության արժանացած նախագծով նախատեսվում է դադարեցնել եկեղեցական կառույցների շինարարության համար պետական և համայնքային հողերն անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պրակտիկան՝ այն փոխարինելով անհատույց օգտագործման իրավունքով:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախաձեռնությունը հիմնավորվում է հողային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Կարևոր է նշել, որ օրենքի ուժ ստանալու դեպքում փոփոխությունը չի տարածվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նախկինում արդեն հատկացված տարածքների վրա և կվերաբերի միայն ապագա հատկացումներին:


Այս իրավական քայլն իրականացվում է գործադիր իշխանության և Եկեղեցու բարձրագույն ղեկավարության միջև առկա լարվածության ֆոնին: Արդեն տևական ժամանակ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը հրապարակային պահանջներ է հնչեցնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ: Կառավարության հավանությանն արժանացած նախագիծը դեռևս պետք է քննարկվի և վերջնական հաստատում ստանա Ազգային ժողովի կողմից:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next