22.12.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Հայաստան է մատակարարում երրորդ երկրների բենզին. Փորձագետ

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Ադրբեջանից Հայաստան վառելիքի առաջին խմբաքանակի ներկրումը մասնագիտական շրջանակներում կասկածների տեղիք է տվել։ Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը պնդում է, որ Բաքուն Երևանին վաճառում է ոչ թե սեփական, այլ հավանաբար ռուսական կամ ռումինական ծագման վերարտահանվող բենզին, քանի որ ինքն էլ ունի որակյալ վառելիքի արտադրության խնդիր։


Օրերս Ադրբեջանից Հայաստան ներմուծված «Պրեմիում» (ԱԻ-95) տեսակի բենզինի առաջին խմբաքանակը, որը ներկայացվեց որպես տնտեսական նոր իրողություն, փորձագիտական լուրջ վերլուծության առարկա է դարձել։ Էներգետիկ անվտանգության հարցերով մասնագետ Վահե Դավթյանն  ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նավթավերամշակման հիմնական հզորությունը՝ Բաքվի Հ․ Ալիևի անվան գործարանը, շահագործվում է դեռևս 1976 թվականից և պարբերաբար կանգնեցվում է վերանորոգման նպատակով։ Սա հանգեցնում է նրան, որ հարևան երկիրը ևս կախվածության մեջ է նավթամթերքի ներկրումից և ի վիճակի չէ լիարժեք ապահովել բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող բենզինի արտադրությունը։


Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ թեև Ադրբեջանը 2024 թվականի երկրորդ կեսից փորձել է սկսել ԱԻ-95 տեսակի բենզինի արտադրությունը և անգամ պետականորեն սուբսիդավորել գինը, ցածր որակի պատճառով այն չի դիմացել մրցակցությանը։ Արդյունքում՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 45 տոկոսով, իսկ 2026 թվականի պետական բյուջեում այս տեսակի վառելիքի արտադրություն ընդհանրապես նախատեսված չէ՝ գործընթացի թանկության և անարդյունավետության պատճառով։


Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հանդիսանում է բենզինի, հատկապես՝ ԱԻ-95-ի խոշոր ներկրող՝ պահանջարկի 85-90 տոկոսը լրացնելով Ռուսաստանից, Ռումինիայից և ԱՄԷ-ից ստացվող մատակարարումներով։ Այսպիսով, ըստ փորձագետի, մեծ հավանականությամբ Բաքուն Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող վառելիք։ Ըստ էության, դա նույն այն բենզինն է, որը Հայաստանը սովորաբար ստանում է Վերին Լարսով կամ Սև ծովով, պարզապես այս դեպքում փոխվել է մատակարարման շղթան։

Լուսանկարը` usacc.org
Հաջորդ նորություն next