Հայաստան–Իրան հարաբերությունները բնորոշվում են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և ռազմավարական խորությամբ, վերջին մեկ տարվա ընթացքում էլ ստացել են նոր դինամիկա քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտներում․ Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ անդրադառնալով իր առաքելության ընթացքում երկկողմ կապերի զարգացմանն ուղղված քայլերին։
«Հայաստան–Իրան հարաբերությունները մշտապես բնորոշվել են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և բարիդրացիության այնպիսի որակով, որն առանձնահատուկ արժեք ունի մեր տարածաշրջանում։ Մեր երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմական կապերը, որոնք այսօր վերածվել են դինամիկ և փոխշահավետ համագործակցության՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Կարևոր է ընդգծել, որ այս հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ հստակ ռազմավարական տեսլականով։ Իսկ ի՞նչ է ենթադրում ռազմավարական այդ տեսլականը. ինչպես այս տարվա օգոստոսին Երևանում ամրագրել են վարչապետ Փաշինյանը և նախագահ Փեզեշքիանը, մեր երկրների միջև հարաբերությունները հասցնել ռազմավարական բնույթի։ Հույս ունեմ, որ իրենց բնույթով արդեն իսկ ռազմավարական այդ հարաբերությունները մոտ ապագայում այն կստանա նաև իրավական հենք՝ սահմանելով համագործակցության զարգացման նոր հորիզոններ։
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ որպես բարեկամ Իրանում Հայաստանի դեսպան հավասարապես մեծ պատիվ և պատասխանատվություն ունեմ նպաստելու մեր երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Այս տարին անկասկած առանձնացավ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցով, համատեղ հայտարարությամբ և մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք ընդգրկում են հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները։ Զուգահեռաբար, 2025 թվականն աչքի ընկավ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում ակտիվ երկկողմ շփումներով։ ՀՀ ԱԽ քարտուղարի երկու այցերը Թեհրան, ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով քաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, արտաքին գործերի, պաշտպանության և ԶՈՒ աջակցման, արդարադատության նախարարների այցերը Հայաստան՝ վկայում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսության մասին»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքերով՝ կարևոր էր նաև կրթական և մշակութային համագործակցությանը նոր լիցք հաղորդելը։
«Այս տարվա ընթացքում կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Իրան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունում բացվեց հայկական անկյուն, իսկ այցի գագաթնակետը եղավ Պերսեպոլիսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացառիկ համերգը: Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են ժողովուրդների մտերմությունը, այլև խորացնում մշակութային փոխըմբռնումը։
Տարին նշանավորվեց նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության աշխուժացմամբ։ Նախագահ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ընթացքում անցկացվեց գործարար համաժողով, տարվա ընթացքում իրականացվեցին մի շարք ծրագրեր՝ ուղղված առևտրաշրջանառության ընդլայնմանը։ Թեև 2025թ․ վերջնական տնտեսական տվյալները դեռևս ամփոփված չեն, արդեն տեսնում ենք, որ առևտրաշրջանառությունը պահպանել է իր կայուն աճի միտումը։ Համոզված եմ, որ համատեղ նախաձեռնությունները, ներառյալ՝ տրանսպորտային և էներգետիկ մեծ նախագծերը, առաջիկա տարիներին մեր երկրների համագործակցությանը կհաղորդեն որակապես նոր մակարդակ։
Ամփոփելով կարող եմ վստահաբար նշել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները ոչ միայն պահպանել են իրենց բարձր դինամիկան, այլև առաջ են շարժվում առավել խորքային ու ռազմավարական հենքով։ Մեր աշխատանքը միտված է այս դրական միտումները վերածելու երկարաժամկետ, կանխատեսելի և փոխշահավետ համագործակցության՝ բարգավաճման նոր հնարավորություններ ստեղծելով երկու ժողովուրդների համար»,- ընդգծել է նա։