25.11.2024
ԱՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀԿ-ում կատաղի պայքար է ԱԺ նախագահի պաշտոնի համար

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ մշտապես աչքի ընկնելով սկզբունքայնությամբ: Ծնվել է 1952 թվականի հունվարի 27–ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նրա նշանակումը կապված է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որեւէ մեկը, բացի կանանց էսկադրոնից, հստակ չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում, առաջին եռյակը տրոհվելո՞ւ է, Վիգեն Սարգսյանը դառնալո՞ւ է ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Ինքը` Վ․ Սարգսյանը, նեղ միջավայրում ասել է` մնալու եմ ՊՆ-ում: «Չնայած՝ շեֆը ոնց որոշի»,- պնդում են ՀՀԿ-ականները: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում վաղուց ի վեր պատգամավորության 2 դիմում են գրում` մեկը թեկնածու դառնալու, մյուսը` «ինքնակամ» հրաժարվելու: Վերջինի տակ ամսաթիվ չի դրվում միայն եւ կիրառվում է ըստ անհրաժեշտության։ «Խնդիրն» առավել «սուր» է Սահակյանների ընտանիքի դեպքում. «մեկ ընտանիքից 2 ներկայացուցիչը «թյունինգված» պառլամենտի համար շատ չէ՞» հարցին ի պատասխան ՀՀԿ-ից ասացին. «Գալուստ Գրիգորիչի դեպքում երբեք շատ չէ՝ համուհոտով է լինում։ Մի մոռացեք` այդ «ընտանիքը» միշտ է բազմանդամ եղել ԱԺ-ում՝ հանձին աներձագ Աշոտ Աղաբաբյանի»: Այսինքն՝ Արման Սահակյանը չի՞ վերադառնա անշարժ գույքի վարչություն: «Ինչի՞ վերադառնա՝ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է»:


«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երեւան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։ Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանը գնել է հեռուստաընկերությունը առանց այն ցանկացած ուրիշին օտարելու իրավունքի, բացի նախկին սեփականատիրոջից։ ԱԺ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության 3,72 տոկոս ձայնով պարտվելուց հետո անիմաստ են համարվում հեռուստաընկերության վրա արվող ահռելի ծախսերը։ Ըստ տեղեկությունների՝ հաջորդ տարի լրանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը եւ չի բացառվում, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, գնալով լարվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը նպատակ էր դրել թիվ 1 ընտրատարածքում ստանալ ամենաշատ ձայները, բայց դա նրան չհաջողվեց: Տարոն Մարգարյանին հաջողվեց այստեղ առաջինը դարձնել իր պատգամավոր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին: Պողոսյանը հավանաբար չի կարողանում համակերպվել դրա հետ, եւ իշխանական կուլիսներում խոսվում է, որ հիմա էլ փորձելու է Մարգարյանին խոչընդոտել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ի դեպ, մամուլում հրապարակումներ կային, թե Միհրան Պողոսյանն ինքն էլ քաղաքապետ դառնալու մտադրություն ունի: Իսկ իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ իր նեղ շրջապատում հայտարարել է, որ իր մրցակիցը ոչ թե Ռոբերտ Սարգսյանն է, այլ՝ Տարոն Մարգարյանն ինքը: Եվս մի կարեւոր հանգամանք՝ Տ. Մարգարյանին միշտ աջակցել է նախկին գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Եվ այժմ այդ հարաբերություններում կարծես թե ներգրավվել է նաեւ նա»:


«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրչությունները օրը շատերը փորձել են հնարամիտ գտնվել եւ ռեյտինգային հիմնական թեկնածուների շտաբներից միաժամանակ 10-հազարական դրամներ ստանալ, բայց ապարդյուն: Ինչ-որ պահից տեսնելով իրենց «ընտրելու պատրաստ» մարդկանց թվի առատությունը, ՀՀԿ թեկնածուները գլխի են ընկել եւ գումար բաժանող, եւ ՀՀԿ-ական, եւ ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբները սկսել են «ցուցակներով փոխանակվել», որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի: Արդյունքում շատ-շատերը ձեռնունայն են մնացել՝ աշխատելով միայն 10 հազար դրամ»:


«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում, սակայն, խոսք չի գնացել նոր ԱԺ-ում կոալիցիա կազմելու մասին: Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ երեկ կայացած ԳՄ նիստում էլ այդ մասին չի խոսվել, բայց նրա խոսքում ակնարկ կար, որ «Ծառուկյան» դաշինքը չի լինի կոալիցիայում, բայց որպես ընդդիմադիր կհամագործակցի ԱԺ-ում Հանրապետական կուսակցության հետ»: