16.12.2025
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
prev Նախորդ նորություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Խաղաղության և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հենինգը։


Իր խոսքում Ռուբեն Սիմոնյանը կարևորել է GIZ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները` ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջմղման համատեքստում։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նշված ծրագրերը էական դեր են ունենում միջազգային լավագույն փորձի ներդրման, կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խորացման գործում։


Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, ձեռքբերված արդյունքներն ու արձանագրված հաջողությունները։


Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքի կարևորությանը, այդ ոլորտում Կառավարության առաջնահերթություններին, Հայաստանում կիբեռպաշտպանության համակարգի կատարելագործման հնարավորություններին, մասնագետների պատրաստման, կիբեռանվտանգության ոլորտում հանրության իրազեկման ծրագրերին, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումներին և ենթակառուցվածքների բարելավմանը։


Նշվել է, որ ծրագրի շրաջանակներում կազմակերպվել են մասնագիտական սեմինարներ և աշխատանքային քննարկումներ, որոնք օժանդակել են պետական և մասնավոր հատվածների կարողությունների բարձրացմանը կիբեռանվտանգության ոլորտում։


Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես, կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակմանը, մասսայական վերապատրաստման ծրագրերի շրջանակում գործնական աջակցությանը:


Քննարկվել է նաև 2026 թվականի ծրագրի պլանավորման գործընթացը, հետագա համագործակցության ուղղությունները։


Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են կիբեռանվտանգության ոլորտում գործակցության խորացման և երկարաժամկետ գործընկերության շարունակականության կարևորությունը։