Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:
«Ազատությունը» նաև հարցրել էր փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել և ի՞նչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին և արդյո՞ք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիք նկատմամբ: Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է.
«Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- պատասխանել է փոխվարչապետը:
Այն, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, հայաստանյան հանրությունը տեղեկացավ ադրբեջանական կողմից: Անցած շաբաթ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա նշել էր, որ սահամանզատման գործընթացին զուգահեռ փոխվարչապետերը քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Եվ որ այժմ քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան:
Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի, փոխադարձ առևտրի էլ ի՞նչ ոլորտներ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, այդ հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով միայն, որ «այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»: