9.12.2025
Այս ամենը մեզ շեղում է մեր հիմնական օրակարգից
prev Նախորդ նորություն

Ով է ծեծի պատվիրատուն. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ, կեսօրից հետո «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ՝ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միհրան Հակոբյանի վրա։ Ոմանք դա պայմանավորեցին նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումներով, որոնցում Փաշինյանին մշտապես բնորոշում է «խեղկատակ» բառով, սակայն, ոմանց կարծիքով, ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է: Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սքրինները պահել են, իսկ ԱԱԾ տնօրենն էլ, ենթադրաբար, իր սրտի դավթարում է այն պահել եւ որոշել է անպատիժ չթողնել, քանի որ նա ամուսնացած է, եւ այդ գրառումը, ըստ տելեգրամյան ալիքների, դարձել է ընտանեկան սկանդալի պատճառ: Ի դեպ, իշխանության կուլիսներում եւս վաղուց քննարկում են այդ արտամուսնական կապը եւ կարծում են, որ ոչ թե այդ կապն է մերժելի, այլ այստեղ կա շահերի բախում, ուստի պաշտոնյաներից մեկը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։ Իհարկե, ցանկալի է, որ դա լինի օրենքը բազմիցս խախտած ԱԱԾ տնօրենը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ 2018 թ․ մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երկամսյա կալանք տվեց, եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ «պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Եվ նա հայտնվեց այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է՝ ապրում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է: Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի «գայթակղիչ» կարող են լինել իշխանությունների համար: Իսկ կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ նախընտրական ցուցակի էլեկտրոնային գրանցման ավարտից հետո ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ցուցակը: Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 30-ին ՔՊ վարչության նիստում որոշվել էր, որ իշխող ուժից նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը կարող են ինքնառաջադրվել ցանկացողները: Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է նաեւ վճարեն առաջադրման համար՝ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները մեկ ու կես միլիոն դրամ:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից պարզել, թե քանի հոգի են ընդգրկվել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում: Մանավազյանը հայտնեց, որ առաջադրվել են 383 անձինք, որոնցից 4 տասնյակից ավելին անկուսակցական են եղել: Մեր տեղեկություններով՝ այժմ ՔՊ վարչությունը անցել է «զտման» փուլին՝ որոշելու, թե ովքեր ունեն բավարար ռեյտինգ եւ կարող են հավակնել նոր խորհրդարան անցնելուն։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետի պաշտոնում, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի պաշտոնում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ միայն «վիրավորված քաղաքացի» է, այլեւ իշխանական պատգամավոր, որը, փոխանակ հերքի հրապարակվածը կամ փաստերով ապացուցի իր՝ «պատվի ու արժանապատվության» խախտումը, ընտրել է ավելի հարմար ճանապարհ՝ փորձել պատժել ԶԼՄ-ին դատարանի միջոցով։ Ու ցավալի է, որ Գավառի նստավայրի դատավոր Արթուր Աղամալյանի վարքագծից տպավորություն է ստեղծվում, թե դատարանը պատրաստ է կատարել այդ քաղաքական պատվերը։ Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։


Փոխարենը, դատավորն անհասկանալիորեն շրջանցել է այս կարգը եւ առանց մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի պատասխանող կողմի ապացույցների վերաբերյալ դիրքորոշումը լսելու, միանգամից թույլ է տվել, որ հենց հայցվորի ներկայացուցիչը մեկնաբանի մեր առարկության հիմքում ընկած հանգամանքը հիմնավորող գրավոր ապացույցը։ Սա արդեն ոչ թե տեխնիկական վրիպակ է, այլ կողմերի հավասարության բացահայտ խախտում։ Փաստաբան Սահակյանը դատարանում անմիջապես մատնացույց է արել դատավարական կոպիտ սխալը, բաց տեքստով վրդովմունք է հայտնել դատավորի հանդեպ՝ նշելով գործողության ոչ իրավաչափությունը եւ այս գործով դատավորի առերեւույթ կաշկանդվածությունը։ Դրան հաջորդել է միջնորդություն նիստը հետաձգելու մասին՝ նպատակ ունենալով 15.12.2025-ին պատճառաբանված բացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորի նկատմամբ:


Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ դատավորը «սայթաքել» է՝ հօգուտ իշխանության ներկայացուցչի, ուստի իրավական բոլոր մեխանիզմներով պաշտպանելու ենք մեր իրավունքները։ Առաջիկայում մանրամասն կանդրադառնանք այս նորաթուխ դատավոր Արթուր Աղամալյանի՝ դատավոր դառնալու հանգամանքներին, անցած ճանապարհին եւ դրանով ի ցույց կդնենք նրա անաչառության իրական պատկերը: ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատարանների անկախության երաշխավոր թիվ մեկ կառույց, պարտավոր է մանրազնին ուսումնասիրել այս դեպքը, քանի որ դատավորը ակնհայտորեն իշխանությունից իր կախվածությունը չի կարողանում թոթափել: Իսկ շիշ բռնող Հայկ Սարգսյանը, որը հարազատ կուսակցության ներսում ստացել է խիստ նկատողություն, եւ նրա գլխին դամոկլյան սրի պես կախված է հեռացման վտանգը, պետք է հիշի, որ իշխանությունից դուրս թռչելը րոպեների հարց է, եւ Հովիկ Աղազարյանի ճակատագիրը իրենից հեռու չէ, SMS-ներն էլ՝ ավելի խայտառակ, ինչպես նկարագրում են հենց իր ՔՊ-ական գործընկերները: Շարունակելի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիամաց ազատ է արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, եւս մեղադրյալի կարգավիճակ ունի: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։ Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաեւ դատական համակարգում են կռիվ տալիս։


Armlur.am-ը գրել էր, որ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի: Նա պահանջում է պարտավորեցնել կոմիտեին «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին պետական գրանցում տրամադրել Թիվ 02-040-0303-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ։ Ասել է թե՝ Ապարանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը գործում է, եւ սեփականատերերը հանգստավայրը ցանկանում են սեփականաշնորհել ու Կադաստրի կոմիտեն գրանցումը չի իրականացնում: Հիշեցնենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին է, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։ Ուշագրավ իրավիճակ է այն առումով, որ մինչ Միհրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռու որդին արտոնյալ պայմաններում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ, իսկ մի մասն էլ Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանը հունվարի 23-ին նշանակվել էր փոխմարզպետ, ինչից մի քանի օր առաջ նոր բնակարան էր ձեռք բերել։ Իսկ ինչո՞վ էր զբաղվում Արտուշ Հովհաննիսյանը մինչեւ փոխմարզպետ դառնալը: 2016-2019 թվականներին Հովհաննիսյանը եղել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի առաջատար մասնագետ։ 2019-2020 թվականներին եղել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի փորձագետ, իսկ, ահա, 2020-2024 թվականներին աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքում, որտեղ, թերեւս, ամենաերկարն է աշխատել։ Արտուշ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան Հովհաննիսյանը, աշխատում է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն. հարցական է՝ արդյոք ամուսնու գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ։


Ի՞նչ ունեցվածք ունի ներկայիս փոխմարզպետը


Շիրակի փոխմարզպետը ներկայացրել է պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։


Համաձայն այդ հայտարարագրի՝ փոխմարզպետը 2007 թվականից ունի միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող բնակարան եւ ավտոտնակ Երեւանում, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին ձեռք է բերել բնակարան Գյումրիում։


Տրանսպորտային միջոցներ, բանկային ավանդներ, թանկարժեք իրեր փոխմարզպետը չի հայտարարագրել։ Նրա կանխիկ դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու պահին, կազմել են 8 հազար ԱՄՆ դոլար, 3,8 մլն ռուբլի, 4 մլն դրամ։


Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 244 հազար դրամ, որը վաստակել է մինչեւ փոխմարզպետ դառնալը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 916 հազար դրամ։ Մամուլում Հովհաննիսյանի մասին գրել էին, որ վերջինս ճանաչելի էր դարձել կորոնավիրուսի տարիներին, երբ լրագրողների ուղեկցությամբ այցեր էր կատարում սննդի օբյեկտներ։ Ասվում է, որ Արտուշ Հովհաննիսյանի նշանակումն ամենեւին անակնկալ չէր. տեւական ժամանակ խոսվել է այդ մասին։ Նա, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզպետի մոտ ընկերն է։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մյուս փոխմարզպետը Ալբերտ Այվազյանն է. նա պաշտոնավարում է դեռեւս Նազելի Բաղդասարյանի կառավարման ժամանակնից, եղել է Առափի համայնքի երկարամյա գյուղապետը»։