Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Պուտինը նշել է, որ "ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում": "Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է:
Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական հեռագրում", - ասված է Պուտինի շնորհավորական խոսքում:
Հիշեցնենք, ԿԸՀ նախնական տվյալներով, ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։ Մյուս քաղաքական ուժերը, ըստ նախնական տվյալների, չեն հաղթահարում կուսակցությունների կամ դաշինքների համար սահմանված համապատասխան 5 եւ 7 տոկոսանոց շեմերը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 0.94%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն` 3.72%, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք` 1.65%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 0.75% եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք` 2.7%: