2.10.2025
«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ՔՊ-ի ներկայացրած օրակարգի քննարկմանը
prev Նախորդ նորություն

Ջուլհակյան․ Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսել, այլև հզորացնել գործնական քայլերով

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանին:


ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում նշել է.


«Շնորհակալություն, հարգելի՛ նախագահող:


Հարգելի՛ գործընկերներ,


Երիտասարդները ոչ միայն վաղվա օրվա հույսն են, այլեւ այսօրվա փոփոխությունների առաջնորդները: Ամբողջ Եվրոպայում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում երիտասարդները շարունակում են բախվել զգալի խոչընդոտների՝ քաջաբար մարտահրավեր նետելով ավտորիտարիզմին, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պահանջելով ներառական մասնակցություն որոշումների կայացման գործընթացներին:


Նրանց էներգիան, ստեղծագործ լինելը եւ պայքարը մեզ հիշեցնում են, որ ժողովրդավարությունը կենդանի, շնչող գործընթաց է, որը պահանջում է մշտական խնամք եւ պաշտպանություն:


Հայաստանում մենք անձամբ ականատես ենք եղել երիտասարդական ակտիվիզմի վերափոխող ուժին: 2018 թվականի խաղաղ, թավշյա հեղափոխությունը խթանվել է կոռուպցիային վերջ դնելու եւ թափանցիկության ու արդարադատության վրա հիմնված ժողովրդավարական ապագա կառուցելու վճռականությամբ լի երիտասարդ քաղաքացիների կողմից:


Արդյունքում, այժմ մենք ունենք աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանը:


Գործընկերնե՛ր, մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլեւ հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով:


Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս տարվա սկզբին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Երիտասարդության մասին» օրենքը, որը նոր խթան հաղորդեց երիտասարդների հզորացմանը եւ նրանց մասնակցության խթանմանը Հայաստանում ընթացող գործընթացներին:


Եվրոպայի խորհուրդը եւ դրա անդամ պետությունները կարեւոր դեր են խաղում երիտասարդական շարժումների աջակցության գործում: Դրա համար ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի իմ գործընկերներին՝ երիտասարդական հարցերում իրենց դերի եւ աշխատանքի համար: Մենք պետք է շարունակենք ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել ազատորեն եւ առանց վախի:


Որպես հայ պատգամավոր՝ ես վերահաստատում եմ մեր հավատարմությունն այս սկզբունքներին: Հայաստանը հանձնառու է խթանել երիտասարդների ներգրավվածությունը՝ որպես մեր ժողովրդավարական զարգացման անկյունաքար: Մենք կաշխատենք Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ՝ զեկույցի առաջարկությունները կյանքի կոչելու եւ այնպիսի հասարակություն ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալու մեր համատեղ ժողովրդավարական ապագայի մեջ:


Շնորհակալություն»,- եզրափակել է պատգամավորը:


 


 

Շիրակ Թորոսյանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նիստին
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը