ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցը Գլեն Դիզենի հետ ծավալուն հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես է ԱՄՆ համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող վայրերում Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) (Central Intelligence Agency-CIA), սերտ համագործակցում քաղհասարակության` հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ տարբեր ոլորտներում՝ մեդիա, արհմիություններ, համալսարաններ, իրավական ոլորտ՝ օրենքի գերակայության ծրագրերի միջոցով, արվեստի և մշակույթի գրեթե բոլոր ինստիտուտներ:
Հարցազրույցում ներկայացված տարբեր դրվագներ հատկապես ուշագրավ են՝ հայաստանյան գործընթացների հետ նմանությունների առումով։
Մայք Բենցը, մեջբերում կատարելով Քաղաքական գործընթացների կատարելագործման գերազանցության կոնսորցիումից, որը միացյալ ծրագիր է և իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, ֆինանսավորվում է USAID-ի կողմից և տեխնիկապես իրականացվում է «Ազգային ժողովրդավարության հիմնադրամի» (National Endowment for Democracy-NED) միջոցով, նա շեշտում է, որ դրանք այն երեք անկյուններն են, որոնք կարելի է անվանել հետախուզության ու պետականագործության մեխանիզմների ցանց.
«Նրանք այս մասին մի ձևակերպում ունեն, ասում են` «Կառավարությունն ունի փող, բայց չունի վստահելիություն։
Քաղաքացիական հասարակությունն ունի վստահելիություն, բայց չունի փող»։ Եվ հենց դրա համար էլ, ըստ էության, կառավարությունը պետք է ֆինանսավորի քաղաքացիական հասարակությանը, որպեսզի քղհասարակությունը իր փոխարեն հնչեցնի կառավարության թեզերն ու ուղերձները»,-ասում է Մայք Բենցը:
Նա շեշտում է, որ «Ազգային ժողովրդավարության հիմնադրամի» (NED) պատմությունն ինքնին հետաքրքիր է.
«1948թ․ ապրիլին, Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժինը հրապարակեց ազգային անվտանգության վերաբերյալ մի հուշագիր, որը դրա նախատիպն էր, և որը կոչվում էր «Կազմակերպված քաղաքական պատերազմի մեկնարկ»: Հուշագրում Պետդեպարտամենտը նկարագրում է, թե ինչպես պետք է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ-CIA) կազմակերպված քաղաքական պատերազմ վարի՝ քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, կամավորական կոմիտեների և խորհուրդների «հովանոցի» ներքո: 1948թ․ Իտալիայի ընտրություններն էին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեմոկրատական քվեարկությունը Իտալիայում, որտեղ ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի աջակցությամբ առաջադրված «դեմոկրատական» թեկնածուն պայքարում էր Խորհրդային Միության աջակցությամբ առաջադրված «կոմունիստական» թեկնածուի դեմ։ Այսպես էր այն ներկայացվում։ Իսկ ԿՀՎ-ն այդ ժամանակ դեռ չուներ այս գործողություններն իրականացնելու լիազորություններ, բայց վերջին պահին ստիպված էր ներգրավվել, որովհետև թվում էր, թե ԱՄՆ աջակցությամբ թեկնածուն զիջում է ընտրություններում։ Այդ պատճառով նրանք համագործակցեցին մաֆիայի արհմիությունների հետ, աշխատեցին Հոլիվուդի հետ, համագործակցեցին կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների հետ, մեծ գումարներ ուղղեցին լրատվամիջոցներին։ Կիրառեցին բոլոր տեսակի այնպիսի «կեղտոտ հնարքներ», որոնք մենք այսօր անվանում ենք ազգային անվտանգության սպառնալիքի գործիքակազմ, բայց այն հաջողեց:
Հենց այդ պահից Պետդեպը սկսեց այն կիրառել ամբողջ աշխարհում»,– պատմում է Մայք Բենցը:
Մանրամասն պատմական անցքերի վրա ուշադրություն հրավիրելով՝ նա շեշտում է, որ ԱՄՆ Հանրապետականների ընկալմամբ` ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառն այն էր, որ այլևս չուներ հզոր և լիազորություններով օժտված Կենտրոնական հետախուզական վարչություն.
«Հանրապետականները պնդում էին, որ եթե ԿՀՎ-ն չեզոքացված չլիներ, ԱՄՆ-ը երբեք չէր կորցնի Իրանը։ Խնդիրը, սակայն, այն էր, որ Ռոնալդ Ռեյգանը շարունակում էր կախված լինել Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների վերահսկողությունից․ օրենսդրական ճանապարհով հնարավոր չէր վերականգնել ԿՀՎ-ի նախկին լիազորությունները։ Այդ պատճառով նրանք դիմեցին գործադիր իշխանության ներքո լիազորությունների ընդլայնման ճանապարհին՝ ստեղծելով նոր հասարակական կազմակերպություններ (ՀԿ), օրինակ՝ «Ազգային ժողովրդավարության հիմնադրամը» (National Endowment for Democracy-NED) 1983-ին, «ԱՄՆ խաղաղության ինստիտուտը» (US Institute of Peace) 1984-ին, Internews՝ մոտավորապես նույն շրջանում (1984–1986թթ.)։ Սրանք բոլորը ԿՀՎ-ի գործերն էին, բայց իրականացվում էին ՀԿ-ների միջոցով, որոնք փաստացի ձևավորվել էին գործադիր իշխանության նախաձեռնությամբ առաջ մղված օրենքի հիման վրա։ Դրանք կառուցվել էին այնպես, որ նաև դեմոկրատներին դարձնեին այդ գումարների շահառու։ Օրինակ՝ հենց Ազգային ժողովրդավարության հիմնադրամի կառուցվածքը»,-ասում է նա:

Ըստ նրա՝ ԿՀՎ-ն ստանում է յուրաքանչյուր հատկացված դրամաշնորհի պատճենը, որը տրամադրում է NED-ը.
«Կրկնեմ՝ ԿՀՎ-ն ստանում է NED-ի կողմից տրված յուրաքանչյուր դրամաշնորհի պատճենը։ Այժմ մենք այլևս այդ պատճենները չենք ստանում։ Բայդենի վարչակազմը, ի դեպ, ոչ թե այդ ներքին փաստաթղթերը տվել էր մեզ, այլ սա ի սկզբանե նախագծվել էր որպես բացահայտ գործողություն՝ ի տարբերություն գաղտնի գործողության: Այսինքն՝ այն ներկայացվում էր որպես հանրային, դեմոկրատիայի առաջմղման ծրագիր և ոչ թե ԿՀՎ-ի ստվերային գործիքակազմ։ Բայց դա միշտ էլ սուտ էր։ Իրականում ոչ մի բան երբեք հրապարակային չէր։ Երկար ժամանակ ամերիկացիները գոնե կարողանում էին տեսնել այդ դրամաշնորհները usaspending.gov կայքում՝ կառավարության դրամաշնորհների բաց տվյալների բազայում, թեև դրանք շատ հաճախ մոլորեցնող էին, իսկ ներքին փաստաթղթեր ստանալն անհնար էր։ Բայց հիմա նույնիսկ դա է ամբողջովին վերացված։ Բայդենի Պետդեպարտամենտը NED-ի հետ ստորագրել է այս «թաքուն համաձայնագիրը», ըստ որի՝ NED-ի յուրաքանչյուր դրամաշնորհ ստանում է համընդհանուր գաղտնի կարգավիճակ, և անգամ Կոնգրեսը կամ Սպիտակ տունը դրամաշնորհի շահառուների փոխարեն տեսնում են միայն կոդային անուններ։ Ամբողջ գործընթացը փաստացի դարձել է գաղտնի գործողություն։ Այսպիսով՝ ամերիկացի հարկատուները վճարում են այս ամենի համար, բայց 2022 թվականից սկսած NED-ի ոչ մի դրամաշնորհ այլևս հանրային չէ, գաղտնի է։ Ամբողջ գործունեությունը տեղափոխվել է գաղտնի հետախուզական ոլորտ, մինչդեռ այն շարունակում է ներկայանալ որպես հանրային դեմոկրատիայի առաջմղման խումբ։ Ստերն ու հակասությունները պարզապես հասել են ծայրահեղ մակարդակի, և հենց դա է պատճառներից մեկը, որ հիմա առկա է ֆինանսաբյուջետային կոշտ պայքար և դիմակայություն Թրամփի վարչակազմի ու արտաքին քաղաքականության էսթաբլիշեմնթի միջև»:
ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցը շեշտում է՝ NED-ը ամբողջությամբ ներթափանցել է Ուկրաինա և Բելառուս.
«Նրանք ամենուր են՝ Ուկրաինայում, Բելառուսում։ Հիշում եք, 2020թ․ ամռանը ԱՄՆ արտաքին քաղաքականության հաստատությունը փորձեց կազմակերպել գունավոր հեղափոխություն Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Եվ Կարլ Գերշմանը իրականում կեղծ զանգեր էր ստացել մի քանի անձանցից, ովքեր ներկայացել էին որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստներ։ Կարծում եմ՝ The Greyzone-ը դա լավ լուսաբանել է և լավ նյութեր ունի այդ թեմայով։ Կարող եք լսել՝ կարծում եմ հենց Կարլ Գերշմանն էր Zoom-կոնֆերանսում, որտեղ մանրամասն ներկայացնում էր, թե ինչպես էր NED-ը միջամտում Բելառուսի ներքին գործերին՝ կազմակերպելով այդ ցույցերը, աջակցելով տարբեր արհմիությունների խմբերին Solidarity Center-ի միջոցով, աջակցելով այսպես կոչված «անկախ» լրատվամիջոցներին (որը պարզապես նշանակում է՝ անկախ մեր հակառակորդից, բայց ամբողջովին կախված NED-ից և USAID-ից ֆինանսավորման ու ուղղորդման հարցում), ինչպես նաև աջակցելով ցույցերի կազմակերպիչներին»:
Մայք Բենցի խոսքով՝ NED-ը Ուկրաինայում է 1990-ականներից սկսած, իսկ որոշների կարծիքով՝ ավելի վաղ է մուտք գործել.

«Նրանք ներգրավված էին նարնջագույն հեղափոխության ժամանակ, Մայդանի հեղափոխության ժամանակ։ Նրանք այդ ամենի մաս էին կազմում, երբ Վիկտորիա Նուլանդը խոսում էր 5 միլիարդ դոլար ֆինանսական աջակցության մասին, որը տրամադրվել էր ուկրաինական քաղաքացիական հասարակությանը։ Վիկտորիա Նուլանդը այդ ելույթը ունեցավ, երբ նա Եվրոպայի և Եվրասիական հարցերի օգնական պետքարտուղարն էր՝ 2013թ․ դեկտեմբերին, Exxon Mobile-ի և Chevron-ի երկու պաստառների դիմաց, որոնք արդեն մուլտիմիլիարդանոց պայմանագրեր էին ստորագրել Naftogaz-ի՝ Ուկրաինայի պետական գազային ընկերության հետ։ Ջորջ Սորոսը տարիներ շարունակ պայքարում էր Վլադիմիր Պուտինի դեմ՝ փորձելով մասնավորեցնել Ուկրաինայի տնտեսության հենասյունը՝ նրա գազային համակարգն ու գազի տարանցումները, որպեսզի դրանց եկամուտները գնան արևմտյան էներգետիկ ընկերություններին, որոնց մեջ ներդրված էր Սորոսը, այլ ոչ թե ռուսներին՝ «Գազպրոմ»-ի միջոցով։ Դրա համար էլ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի, ԱՄՆ Պետդեպարտամենտի և Միացյալ Թագավորության (ՄԹ) Արտաքին գործերի գրասենյակի կարմիր գծերն ու պայմանները միշտ պահանջում էին, որ Ուկրաինան շարունակի իր էներգետիկ ռեսուրսների մասնավորեցման ուղին։ Հնարավոր է սա կողքից փոքրիկ դիտարկում է, բայց NED-ը փաստացի գործում է որպես մի տեսակ «մասնավոր ԿՀՎ» Սորոսի ձեռնարկության համար, և Պետդեպարտամենտը գնում է այդ ուղղությամբ, որովհետև Սորոսը Դեմոկրատական կուսակցության ամենամեծ դոնորն է։ Բայց դա միայն Սորոսը չէ․ դրանք նաև բոլոր այդ արևմտյան էներգետիկ ընկերություններն են, ինչպես նշեցի՝ Exxon Mobile, Chevron (Chevron-ը 10 միլիարդ դոլարի գործարք է ստորագրել Naftogaz-ի հետ), բրիտանական նավթագազային Shell ընկերությունը՝ ևս մեկ 10 միլիարդ դոլարի գործարք Naftogaz-ի հետ, British Petroleum-ը, նորվեգական LNG (հեղուկ գազի) ընկերությունները, քաթարական LNG ընկերությունները, որոնք համագործակցում են բրիտանական բանկերի հետ»,-ասում է ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակիցը:

Նրա խոսքով՝ հիմնական պլանը ռուսական բնական գազի դուրս մղումն էր.
«Ես սա անվանում եմ Ուկրաինայի մեծ էներգետիկ խաղ։ Եթե դու դուրս ես մղում ռուսական գազը, Ուկրաինա գազ մտցնելու միակ այլընտրանքը LNG-ն է (հեղուկ գազը), որը շատ ավելի թանկ է, բայց կարող ես վաճառել Արևմուտքից։ Դա նշանակում է, որ Հյուսթոնը (Տեխաս) բացում է հսկայական շուկա Ուկրաինայի համար, որովհետև առանց ռուսական բնական գազի, դիվանագիտական ճնշման և պատժամիջոցների միջոցով կարելի է Ուկրաինային վաճառել այդ թանկարժեք LNG-ն՝ Հյուսթոնից, Նորվեգիայից, Քաթարից կամ ցանկացած այլ երկրից, որոնք ունեն հսկայական գազային հանքավայրեր․ դրանք կարող են ուղղակիորեն տեղափոխվել Լեհաստան և օգտագործելով Լեհաստանի նոր LNG տերմինալները՝ ուղարկել Ուկրաինա։ Սա այն դրվագներից մեկն է` հասկանալու համար, թե ինչու էր Բայդենի արտաքին քաղաքականության հաստատման համար այդքան կարևոր ապահովել, որ Լեհաստանը մնա ՆԱՏՕ-ի այս «փուչիկի» ճարտարապետության ազդեցության տակ, որպեսզի պահպանվի Ռուսաստանի դեմ մշտական պատերազմական և պատժամիջոցային վիճակը՝ արևմտյան նավթային ու գազային ընկերությունների շահույթները չվտանգելու համար…»:
Մանրամասն ներկայացնելով Ջորջ Սորոսի պատմությունը և թե ինչպես է աշխատում «սորոսյան համակարգը», ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցն արձանագրում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այլևս չի ծառայում ԱՄՆ քաղաքացիներին.

«Այն ծառայում է այս մեկուսացած, աշխարհիկ միլիարդատերերին, որոնք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը օգտագործում են իրենց անձնական շահերի համար՝ անկախ նրանից՝ դա լավ է ամերիկացի ժողովրդի համար, թե ոչ։ Եվ դա պետք է անմիջապես դադարեցվի՝ անկախ «կողմնակի հնարավոր վնասներից»։ Ես վերջերս Վրաստանում էի, և Վրաստանի վարչապետը, որը նույնպես ներկա էր նույն համաժողովին, նույն միտքն արտահայտեց․ նրա խոսքով՝ իր երկրում գործող ՀԿ-ները փաստացի փորձում էին իշխանափոխություն` «ռեժիմափոխություն» իրականացնել կամ հերթական գունավոր հեղափոխությունը՝ Վրաստանը օգտագործելով որպես երկրորդ ճակատային գիծ Ռուսաստանի դեմ։ Նույնը նաև Հնդկաստանում: Հնդկաստանի արտգործնախարարը բացահայտ հայտարարել է, թե որքան անընդունելի է Ջորջ Սորոսը Հնդկաստանի համար, ինչպես նաև մյուս այսպես կոչված ոչ-կառավարական կազմակերպությունները: Երբ, օրինակ, ԱՄՆ-ն կտրեց իր ֆինանսավորումը, պարզվեց, որ սա ընդհանրապես ՀԿ չէ, այլ ուղղակիորեն ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի կողմից։ Բայց դա դարձավ մի յուրահատուկ սահմանագիծ, որովհետև հանկարծ պարզվեց, որ ուկրաինական լրատվամիջոցների 85–90%-ը ֆինանսավորվել են հենց այս աղբյուրից։ Որքա՞ն է այս ամենը տարածված հատկապես Ուկրաինայում, քանի որ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը նշել էր, որ 2014-ից հետո երկիրը ավելի շատ որպես գաղութ էր ղեկավարվում, և տպավորություն կար, որ այսպես կոչված ՀԿ- ներն այս ամենում առանցքային դեր են ունեցել։ Այդ դեպքում ի՞նչ կապ կա այս գործընթացների և լրատվամիջոցների միջև։ Վիկտոր Շոկինը գիտեր, որ իր՝ դատախազի պաշտոնից ազատումը տեղի է ունեցել նաև ԱՄՆ օգնության պատճառով։ Եթե հիշում եք, երբ Ջո Բայդենը Արտաքին հարաբերությունների խորհրդում հայտնի խոստովանությունն արեց, որ անձամբ թռել է Կիև և սպառնացել Ուկրաինայի կառավարությանը, որ եթե նրանք չազատեն Վիկտոր Շոկինին, ապա կկորցնեն միլիարդ դոլարի վարկային երաշխիքը։ Այսպիսով, Վիկտոր Շոկենին դատախազի պաշտոնում պահելը կարժենար միլիարդ դոլար։ Ի՞նչ միլիարդ դոլարի վարկային երաշխիքի մասին էր խոսքը։ Դա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) վարկային երաշխիք էր՝ պայմանավորված կառավարման բարեփոխումներով։ Կառավարում, որը համակցված է օրենքի գերակայության հետ, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին արդյունավետ կերպով վերահսկել արդարադատության նախարարությունը Ուկրաինայում: Ուկրաինական քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր ասպեկտ՝ վերևից ներքև ֆինանսավորվում էր USAID-ի կողմից և, ինչպես նշեցի՝ ուկրաինական լրատվամիջոցների մինչև 90%-ը, այդ թվում՝ խոշորագույններից մի քանիսը, ինչպիսին է Կիևի անկախ լրատվական գործակալությունը, նույնպես ֆինանսավորվել են USAID-ի կողմից»:
Մայք Բենցը նշյալ հարցազրույցում մանրամասներ է ներկայացնում նաև ուկրաինական դպրոցական ծրագրեր ներթափանցման մասին, ինչը բավականին ուշագրավ է, հաշվի առնելով, թե ինչ է այդ առումով ներկայումս կատարվում Հայաստանում․

«Ռենդի Վայնգարտենը՝ Ուսուցիչների ամերիկյան ֆեդերացիայի ղեկավարը, որը Միացյալ Նահանգների ուսուցիչների ամենաազդեցիկ միություններից մեկն է, անընդհատ մեկնում էր Ուկրաինա՝ համագործակցելու Ուկրաինայի ուսուցիչների միությունների հետ՝ համոզվելու համար, որ երեխաներին սովորեցնում են իրենց սեփական պատմության մասին նոր դիցաբանություն, և որ Ռուսաստանի հետ ցանկացած կապ, որևէ դրական ներգրավվածություն, ռուս և ուկրաինացի ժողովուրդների և տարբեր էթնիկ խմբերի միջև որևէ կապ մաքրվի Ուկրաինայից։ Ուկրաինական դասագրքերը և, հետևաբար, ուկրաինացի դպրոցականների մտքերը վերահսկվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից»,-ասում է Մայք Բենցը։
Ըստ Բենցի՝ ԱՄՆ զարգացման գործակալությունը (USAID) նույնիսկ վճարում էր Ուկրաինայի հրշեջների, ոստիկանների և դպրոցական ուսուցիչների կենսաթոշակները, մինչդեռ Միացյալ Նահանգներում պայքարում են աղքատ վետերանների համար, որոնք մահանում են մեծ քաղաքների կամուրջների տակ, և նրանց կենսաթոշակները, կենսաթոշակային վճարումները կամ մատչելի բնակարանների և առողջապահության ապահովումը չեն վճարվում․
«Ամերիկայում միջին տանտերը ստիպված է սպասել մինչև 40 տարեկան, մինչդեռ մի քանի տասնամյակ առաջ դա գրեթե կեսն էր։ Միացյալ Նահանգներից Ուկրաինա ուղղված այն մոտ 15 մլրդ դոլարի ԱՄՆ օգնությունը կարող էր ամբողջությամբ վճարել Ուկրաինայի գյուղատնտեսական աշխատողների, պետական աշխատակիցների թոշակները և աշխատավարձերը։ Սա արվում է Ուկրաինայի ներքին քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։ Նրանք չեն ուզում, որ Ուկրաինան անկախ որոշումներ կայացնի. այս գումարը խայծ է` նրանց համոզելու և այս համակարգի օգտին քվեարկելու համար»։
Հրապարակման պատրաստեց 168․am-ը