Բոլոր ոլորտներում արդյունավետության և ժամանակակից կյանքի պակաս ունենք, հետևաբար, բոլոր ոլորտներում պետք է բարեփոխումներ անենք: Այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, Հանրապետականի ծրագիրը կարելի է նաև անվանել բարեփոխումների ծրագիր, որովհետև յուրաքանչյուր բնագավառում՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում և այլն, կատարում ենք ֆունդամենտալ փոփոխություններ: Այն հավակնոտ է և համարձակ, պրագմատիկ և իրատեսական, մեր թիմն էլ ունի կամք և որոշ դեպքերում կարող է նաև կոշտ լինել: Արդյունքում կունենանք ժամանակակից, տրամաբանական զարգացող, աշխարհի համար հասկանալի երկիր՝ միաժամանակ մեր հայկական ավանդույթներով և համ ու հոտով:
Կարեն Կարապետյանը պատասխանել է նաև քաղաքացիների հարցերին: Մասնավորապես, հարց է հնչել «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ, որին ի պատասխան վարչապետն ասել է հետևյալը.
«Մենք ունենք արտաքին պարտք, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 57-58 տոկոսը: Ունենք 60 տոկոսի չափով սահմանափակում: «Հյուսիս-հարավ» ճանապարհը մեզ պետք է, բայց պետք է հստակ հաշվարկենք՝ ո՞ր վարկն է մեզ համար առաջնային և ստեղծում հավելյալ արժեք: Այս պահին մենք վերլուծում ենք բոլոր վարկային ծրագրերը, որոնք նախկինում վերցրել ենք և որոնք կարողանում են ինքնասպասարկվել: Վերլուծում ենք, թե Հյուսիս-հարավ ճանապարհի ո՞ր հատվածները կարող ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ կազմակերպել, որպեսզի բիզնես գործոն մտցնենք այդ ամենի մեջ, որպեսզի այդ փողը՝ որպես լրացուցիչ պարտավորություն, պետության վրա չնստի: Այս տարի մենք ծրագրել ենք, թե «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրից ինչքանն ենք անելու և մեր դոնոր կազմակերպությունների հետ բանակցում ենք մեր հետագա քայլերի մասով: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք անհրաժեշտ է լուծել: Եթե բոլորի համար փող վերցնենք, վարկ կուտակենք և չկարողանանք սպասարկել, կհասնենք անտրամաբանական մի վիճակի: Պետք է վարկերի համաչափություն ընտրենք, որը փող է բերում և ենթակառուցվածք ստեղծում», - շեշտել է Կարեն Կարապետյանը:
Խոսելով մշակույթի ոլորտի զարգացման տեսլականի մասին՝ ՀՀԿ առաջին փոխնախագահը նշել է, որ մշակույթը պետք է որոշակի առումով կիրառական լինի: Ամբողջ աշխարհն այդ ճանապարհով գնացել է:
«Մեր մշակույթի նախարարը, լինելով մշակույթի գործիչներից մեկը, ասել է, որ մշակույթը պետք է կապիտալիզացնել: Աշխարհին մենք այդքան հայտնի չենք, որքան պատկերացնում ենք: Դա մեր բացն է, որը պետք է միասին լրացնենք: Մենք մեր մշակույթի գործիչներից ակնկալում ենք շատ նախաձեռնող և ակտիվ համագործակցություն այդ գործում»,- նշել է նա:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի և մասնավորապես, ավագ դպրոցների համակարգում հնարավոր բարեփոխումներին.
«Մենք այս պահին քննարկում ենք 12-ամյա դպրոցը 1+11 դարձնելու բանաձևը, այսինքն՝ 1-ը լինի նախադպրոցական, 11-ը՝ դպրոցական: Նաև քննարկում ենք վերանայել ծրագիրը՝ նպատակ ունենալով ավելացնել բնագիտության, բիզնեսի, ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության դասընթացները, քանի որ այս 3 առարկայի մասով կարող ենք ավելի լավ պատրաստել մեր դպրոցականներին», - նշել է Կարեն Կարապետյանը:
Ելույթի վերջում նա ընտրողներին հորդորել է ապրիլի 2-ին արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, որոշել, թե որ ծրագիրն են համարում իրատեսական, որ ուժին են վստահում և հավատում:
«Եթե դուք որոշեք աջակցել մեզ և ձեր քվեն տալ, մենք ձեր աջակցության ակնկալիքը կունենանք նաև հետագայում, որովհետև մեր ծրագիրը ենթադրում է մեկ բան. մենք բոլորս պետք է քրտնաջան աշխատենք, որևէ բան հեշտ չի տրվելու, բայց այդ աշխատանքն անարդյունք չի լինելու: Համոզված եմ, որ մենք ոչ մի բանով որևէ այլ ազգի չենք զիջում, որը կարողացել է որակապես իր երկիրը փոխել: Հորդորում եմ ձեզ ապրիլի 2-ին ձեր ընտրությունը կատարել մեր ռեյտինգային թեկնածուների օգտին և ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Մենք այդ պարագայում ձեր առջև պատասխան կտանք», - հավելել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: