26.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում: Եվ ահա հիմա նորից հանդիպում է նախապատրաստվում: Ընդ որում, մինչ այդ հանդիպումը Սերժ Սարգսյանն արդեն մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է եղել և Արցախի հակամարտության հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից առաջ նույն նպատակով Մոսկվայում էր նաև Իլհամ Ալիևը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո մեկնեց Արցախ, որտեղ, ինչպես փոխանցում են իշխանական շրջանակները, նա տեղի իշխանություններին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ զարգացումները: Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայում Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Մինսկի խումբը երկու երկրների նկատմամբ էլ կոշտացնելու է կարգավորմանն ուղղված պահանջները»:


«Հրապարակ»-ը գրում է. «Վաղը լռության օր է, և մեզ արգելված է քարոզչություն անել, ուստի այսօր վերջին անգամ խոսենք այս ընտրությունների, դրանց կարևորության և, ընդհանրապես՝ ընտրողի անելիքի մասին։ Հուսով եմ՝ այն ամբողջ կեղծիքը, խաբեությունը, սին խոստումները, ճնշումները, սպառնալիքները, ընտրակաշառքը, պոպուլիզմը, որ պատգամավորության թեկնածուները կիրառում էին ընտրողների նկատմամբ, էական ազդեցություն չեն գործել, և ՀՀ քաղաքացին թացը չորից կարողանալու է զատել։

Ըստ այդմ էլ իր ընտրությունը կատարելու է բացառապես կամովին, սթափ մտքով և լավ իշխանություն ունենալու ակնկալիքով։ Չէ՝ որ այս ընտրությունը, ի տարբերություն նախորդների, պայմանավորելու է առաջիկա 5 տարիների մեր ընթացքը, և խորհրդարանում նստած յուրաքանչյուր անձի որակներն ու գիտելիքները կարևոր դեր են կատարելու։ Պետք է գիտակցել, որ խորհրդարանը կոճակ սեղմողների մարմնից վերածվելու է մեր պետության գլխավոր մարմնի, որի գործունեության արդյունքում և որի կազմն է որոշելու մեր երկրի ապագան։ Այսինքն, մարդը պետք է այժմ որոշի՝ ի՞նչ է ուզում ինքը»:


«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ շատ օդիոզ դեմքեր, ովքեր ռեյտինգային ցուցակներով ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, կարող են ԱԺ չանցնել, որովհետև ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի, նորից պետք է որոշեն, թե ով է գնում Ազգային ժողով։
Դա չի նշանակում, սակայն, որ եթե Հանրապետականին հաղթանակ ապահովելուց հետո այդ օդիոզ դեմքերը ԱԺ չանցնեն՝ ուրիշ բան չեն ունենա անելու։ Դրանցից շատերը գործադիր աշխատանքի են անցնելու և վերանշանակվելու են»։


«Ժամանակ»-ը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՀՎԿ-ն անցնել-չանցնելու եզրագծին է։ Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի այս կուսակցությանը անցկացնել ԱԺ, Արթուր Բաղդասարյանը, միևնույն է, անգործ չի մնա։ Ըստ մեր տեղեկությունների՝ եթե կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, Արթուր Բաղդասարյանը կարևոր պաշտոն է ստանալու։ Ըստ իշխանական որոշ շրջանակների՝ Արթուր Բաղդասարյանը կարող է նշանակվել ՍԴ նախագահ։ Հաջորդ տարի, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջի (ըստ որի դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը)՝ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը»:


«Իրավունք»-ը գրում է. «Իրավունքին» որոշ տեղեկություններ են հայտնի դարձել «Իգլայի» գործի շրջանակներում մաքսանենգ եղանակով Հայաստանի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված գործարար Սանասար Գաբրիելյանի մասին։ Մեզ հաջողվել է պարզել, որ Սանասար Գաբրիելյանն Արմավիրի մարզի Վադարշապատ քաղաքից է, սակայն շատ քիչ է լինում հայրենի քաղաքում։ Նա Ռուսաստանում ունի փայտամշակման գործարան և այլ բիզնեսներ։ Մեր տեղեկությունները հաստատեց նաև Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը»:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քանի որ ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ ձայն տալու ընտրությունների ժամանակ, եւ ես դրա մասին միշտ անկեղծորեն ասել եմ, հիմա էլ, չխախտելով ավանդույթը, ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Նախ ասեմ, որ ընտրություններին տիեզերական նշանակություն չեմ տալիս՝ պետության խնդիրներն ընտրություններով չէ, որ լուծվում են: Երկրորդ՝ կուսակցություններից եւ դաշինքներից որեւէ մեկն իմ աչքի լույսը չի: Այդքանով հանդերձ՝ բոյկոտել, փչացնել քվեաթերթիկը, ինձ թվում է՝ ճիշտ վարք չէ: Պետք է դրական ընտրություն կատարել եւ կանգ առնել որեւէ կուսակցության վրա, որը քեզ քիչ թե շատ հոգեհարազատ է:


Շարժվեմ բացառման մեթոդով եւ սկզբից ասեմ, թե ինչու երբեւէ չեմ մտածել ձայնս տալ 6 կուսակցություններին եւ դաշինքներին: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն ինձ համար իշխանություն են, իսկ երկիրն այն վիճակում չէ, որ քվեարկեմ իշխանության օգտին: Դաշնակցականներին եւ կոմունիստներին հարգում եմ՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու համար, սակայն այդ գաղափարներն ինձ, մեղմ ասած, սրտամոտ չեն: Իսկ ՕՐՕ-ն… Առանձնապես ռացիոնալ պատճառներ չունեմ այդ դաշինքն իմ նախասիրությունների ցուցակում չընդգրկելու համար, մանավանդ, որ տեսնում եմ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի անվիճելի արժանիքները: Այնուամենայնիվ, այդ դաշինքից ինչ-որ ծանր, հեղձուցիչ քամի եմ զգում՝ գուցե դա երկրորդ նախագահի շունչն է: Դրա անուղղակի վկայությունն է ՕՐՕ-ին պատկանող կայքերից մի քանիսի «հայլուրական-քոչարյանական» թունոտ ագրեսիվությունը:


Մնում են «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ-ն» եւ «Ազատ դեմոկրատները»: «Ելքը» շատ արդյունավետ, հետաքրքիր քարոզարշավ անցկացրեց՝ դա, անշուշտ, լավ հեռանկար ունեցող ուժ է՝ հատկապես, եթե իրականություն դառնա մեկ կուսակցություն ստեղծելու մտադրությունը: Բայց դաշինքի լիդերներից Նիկոլ Փաշինյանը երբեմն չարաշահում է ոչ նորմատիվ բառապաշարը: Հասկանում եմ, որ դրանով նա 100 կամ գուցե 1000 ընտրող է շահում՝ «վախ, չոքցրեց, փչացրեց, խզարեց»: Բայց կորցնում է ինձ նման 1-2-ին: Քաղաքական հաշվարկն, իհարկե, ճիշտ է:


Կոնգրեսն իրեն հրաշալի դրսեւորեց անցած տարվա ապրիլին եւ հուլիսին, նախ՝ չփորձելով քաղաքական դիվիդենդներ վաստակել ապրիլյան պատերազմից, իսկ այնուհետեւ՝ միանշանակ դատապարտելով զինված քաղաքական պայքարը: Կոնգրեսի թերությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, «ադեպտների» կույր հավատը այդ՝ իսկապես նշանավոր գործչի անսխալականութան հանդեպ: Այդ հիվանդագին պաշտամունքը նույնպես որոշ դեպքերում հանգեցնում է անհանդուրժողականության եւ ագրեսիվության: Մնում է «Ազատ դեմոկրատները», որին մենք՝ կինս եւ ես, որոշել ենք ձայն տալ: Այդ կուսակցության արժանիքների մասին՝ մեկ ուրիշ անգամ: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկին կոչ չեմ անում քվեարկել այս կամ այն ձեւով: Իսկ իմ անձնական դիրքորոշումը երբեք որեւէ ձեւով չի անդրադարձել «Առավոտի» չեզոք եւ հավասարակշռված լուսաբանումների վրա: Անցած 23 տարին դրա վկայությունն են»: