ՀՀ և Մոնղոլիայի ԱԳ նախարարները ստորագրել են վիզային ռեժիմի փոփոխության արձանագրություն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Բատմունխ Բատցեցեգը ստորագրել են «Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։ Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։