Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա սպանվել է հենց իր տան դիմաց։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։
Խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել.
«Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել: Սպանության վայրում տեսախցիկներ կան, դրանք առգրավվել են»,- նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք, Մերձավանում կրակոցները, ցավոք, սովորական երևույթ են դարձել նախընտրական շրջանում: Այդպես, Փարաքարում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
Նարեկ Սարգսյանը հարցին՝ հնարավո՞ր է այս սպանությունը վենդետա է, նշել է, թե քննարկվում են բոլոր վարկածները։