Ասում են, եթե Ադրրբեջանը հարձակվի, հարձակվելու է Թրամպի ուղու վրա: Այդ մտքի հեղինակները կամ կրողները դրանից բխեցնում են, որ Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Թրամպի ուղու վրա:
Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Թրամպի ուղու վրա ոչ թե այն պատճառով որ դա Թրամպի ուղին է եւ նա կբարկանա, այլ որովհետեւ այդ ուղու համաձայնեցումների համակարգի մասնակից է նաեւ հենց Ադրբեջանը: Ես խոսեմ եմ այդ մասին հենց սկզբից, մատնացույց անելով, թե ինչու՞ պետք է հայ-ամերիկյան համաձայնությունը տեղ գտնի հայ-ադրբեջանական հռչակագրում, եթե դա զուտ երկկողմ հայ-ամերիկյան համաձայնություն է:
Դա նշանակում է, որ բովանդակային իմաստով համաձայնության մաս է նաեւ Ադրբեջանը:
Սակայն, այստեղ դա հարցի զգալիորեն ֆորմալ կողմն է: Այստեղ էականն աշխարհաքաղաքական համաձայնությունն է, որն ակնհայտորեն ներառում է ռուս-ամերիկյան կամ Թրամպ-Պուտին շրջանակ: Խոսել եմ նաեւ այս մասին, բազմիցս ուշադրություն եմ հրավիրել հանգամանքին, որ օգոստոսի 8-ից երկու օր առաջ է Թրամպի հատուկ բանագնացը եղել Պուտինի հյուրն ու համաձայնեցրել ֆունդամենտալ իրողությունը՝ լյասկայի հանդիպումը:
Ադրբեջանին զսպողը լինելու է ոչ թե Թրամպի ուղու հանգամանքը, այլ այն, որ այդ ուղին Թրամպ-Պուտին գործարքի, այլ ոչ թե հակադրության կամ մրցակցության արդյունք է:
Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը որոշել է չդիմադրել այդ գործարքին: Թեեւ, թերեւս չէր էլ կարող դիմադրել: Դիմադրելու մտքից հրաժարվել է նաեւ Իլհամ Ալիեւը: Գոնե այս շրջափուլում: Բայց, այդ մտքից բնականաբար չեն հրաժարվել բրիտանացիները, Թրամպ-Պուտին գործարքի գլխավոր հակառակորդները:
Եվ, ահս այստեղ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն, որ նրանք արդեն իսկ գորշուղել են իրենց «բանագնացին» Բաքու: Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին:
Դաութին կգա՞ նաեւ Հայաստան, թե՞ այս փուլում բրիտանացիները ջանքը կկենտրոնացնեն Ալիեւի հանդեպ ազդեցությունը գործի դնելու եւ Թրամպ-Պուտին գործարքի «կովկասյան» հատվածը քանդելու աշխատանքը սկսելու ուղղությամբ:
Ի դեպ, թերեւս արժե նաեւ վերը նշածս համատեքստում դիտարկել Թրամպի լուսանկարային «նվերը» Ալիեւին: Հիշեցնեմ, որ նախօրեին Ալիեւը հայտնել էր, թե Թրամպից ստացել է օգոստոսի 8-ի եռակողմից լուսանկար, որի վրա ԱՄՆ նախագահի անձնական մակագրությունն է՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես»: Ալիեւը շատ շատ մեծ շնորհակալություն էր հայտնում Թրամպին այդ գնահատականի համար: Իսկ հնարավո՞ր է, որ ԱՄՆ նախագահը այդ կերպ փորձում է խրախուսել Ալիեւին «Թրամպի ուղու» գլոբալ համաձայնության դեմ տրամադրված ուժերին դիմադրելու հարցում: Բարդ է իհարկե միարժեք ասելը: Դա կարող է լինել դիտվող վարկածներից մեկը, ընդամենը: Բայց, բոլոր դեպքերում դա հետաքրքիր է: Ի դեպ, առ այս պահը չկա տեղեկություն՝ Թրամպը Փաշինյանին լուսանկար ուղարկե՞լ է, թե՞ ոչ:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան