Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ
Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։
Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվելիք հնարավորությունները: