Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է տեղի ունենան. Փեզեշքիան
Իրանը միշտ պաշտպանել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա մեր քաղաքականությունն է: Այս մասին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա ընդգծել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանում ուժի կիրառմանը, և կարծում է, որ ոչ տարածաշրջանային ուժերի կողմից խնդիրների լուծումն էլ ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում։
"Իրանը խաղաղություն և հանգստություն է ցանկանում իր հարևաններին, մասնավորապես՝ Հայաստանին և կարծում է, որ ինտեգրացիան և բարեկամությունը անվտանգության և զարգացման պահպանման լավագույն գործոններն են։ Խաղաղությունը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է տեղի ունենան, դրանք կարող են աշխարհաքաղաքական մրցակցություն առաջացնել", - ասել է հարևան երկրի նախագահը: