Սկսվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունը, որը կանցնի մինչև օգոստոսի 20-ը։ Միջոցառումը կազմակերպվում է միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության նախապատրաստման շրջանակում։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև բարձր պաշտոնյաներ ու հյուրեր։ Հնչել են Հայաստանի և ԱՄՆ պետական օրհներգերը, ինչպես նաև զորավարժության օրհներգը։ Զինծառայողներին ողջունել են գեներալ-լեյտենանտ Ասրյանն ու դեսպան Քվինը։
Զորավարժությանը մասնակցում են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, ԱՄՆ Եվրոպայում և Աֆրիկայում տեղակայված ցամաքային զորքերը, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիան։
Հիմնական նպատակներն են՝ խաղաղապահ ստորաբաժանումների փոխգործակցելիության բարձրացում, կառավարման և մարտավարական հաղորդակցության լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև հայկական խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում։ Ծրագիրը ներառում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ հատուկ ուշադրությամբ բժշկական տարհանման ընթացակարգերին։