23.11.2024
Վարչապետ. ՌԴ հետ հարաբերություններում ունենք մեծ ներուժ՝ հետագա առաջընթացի համար
prev Նախորդ նորություն

Սեֆիլյանն ու Ավետիսյանը կոչ են անում ընդվզել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և «Սասնա ծռեր»-ը հանդես են եկել ուղերձով, որով Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը՝ «Սասնա Ծռեր»-ի խմբավորման խոսնակը», հորդորում են ստեղծել աշխարհազոր ու սկսել ընդվզումը:


Ուղերձում մասնավորապես ասված է.


«Մեր համոզմամբ, գաղութացված երկրում բռնապետական ռեժիմի օրոք իշխող վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով: Ըստ այդմ՝ խնդրի լուծումը պետք է փնտրել գործող համակարգից, նրա կանոններից և մեխանիզմներից, այդ թվում՝ նրա կողմից կազմակերպվող «ընտրություններից» դուրս:


Գոհունակությամբ արձանագրում ենք, որ անցնող տարիների ընթացքում այն դարձել է նաև հայության ու ՀՀ քաղաքացիների մի ստվար, ընդ որում՝ ամենակտիվ մասի համոզմունքը: Իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունից հետո դրա կողմնակիցների թիվը օրեցօր է աճում: Ընտրությունները մերժող և ընդվզմանը հակվող քաղաքացիների քանակի աճմանը էապես նպաստում են նաև ներկայում տեղի ունեցող «ընտրությունները»:


Բոլորի համար մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ գաղութային վարչակազմն է՛լ ավելի է կատարելագործել համակարգային բռնության, ապօրինության, կեղծիքի, խաբեության և կուռուպցիայի վրա հիմնված “ընտրական” մեխանիզմը և պատրաստվում է ամեն գնով վերարտադրվել:


Հատկապես Հաց Բերող Արթուր Սարգսյանին փաստացի տանջամահ անելը, «ՕՐՕ դաշինքի» նկատմամբ համակարգված ուժային հալածանքը, ինչի վկայությունն են Ջրառատի արյունալի դեպքերը և անհիմն ձերբակալությամբ դաշինքի հեղինակավոր աջակից Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության չեզոքացումը, «Ծառուկյանի դաշինքի» համակիրների նկատմամբ իրականացվող համատարած ճնշումը և ընտրողներին ահաբեկվածության մթնոլորտում պահելը, պարզորոշ կերպով ցույց են տալիս վարչակազմի հանցավոր, հակամարդ և հակահայ բնույթը: Սրանով ցրվում են կադրային դիմագիծը փոփելու իմիտացիայի և քարոզչության շնորհիվ ռեժիմի նորացման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված փխրուն պատրանքների վերջին մնացորդները:


Նշված պատճառներով ընտրությունները բոյկոտելու մեր տեսակետն անփոփոխ է մնում:


Միևնույն ժամանակ՝ տարածված և դասական համարվող տեսակետի համաձայն, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը չմասնակցի դրանց:


Սակայն մենք գտնվում ենք ոչ թե դասական, այլ արտակարգ իրավիճակում: Ուստի մեր պարագայում բոյկոտն առաջնահերթորեն հետապնդում է հետևյալ երկու նպատակները.


ա) Արտակարգ իրավիճակի արտակարգ լուծման, այն է՝ ընդվզման նպատակով մոբիլիզացիայի համար հոգեբանա-կամային, վարքային և գաղափարա-քաղաքական առումներով ընտրազատել և համախմբել համակարգը ու նրա կանոնները մերժող և ընդվզման հակված քաղաքացիներին ու քաղաքական ուժերին՝ ստեղծելով քաղաքացիական աշխարհազորի նախավիճակ, ինչպես նաև վարչակազմին հեռացնելուց հետո փոփոխության պատրաստ քաղաքական շերտ:


բ) Իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հնարավորինս ակնհայտ դարձնել վարչակազմի վերաարտադրության մեխանիզմի վերածված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը:


Այդուհանդերձ, ցավով պետք է փաստել, որ շատ քաղաքացիներ, հիմնականում ռեժիմից բազմատեսակ կախյալության պատճառներով, ընդվզմանը դեռևս պատրաստ չլինելով հակված են մասնակցելու ընտրություններին: Տարբեր պատճառներով այդպես են վարվում նաև շատ քաղաքական ուժեր:


Դրա հետևանքով կարիք է առաջանում ավելի ճկուն մոտեցմամբ պայքարի մեջ ներգրավելու նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին:


Վերը նշվածի հաշվառմամբ մենք, առաջնորդվելով համազգային դիմադրական ներուժն առավելագույն ծավալով ու ներկայացուցչականությամբ համախմբելու և կիրառելու հրամայականով, որդեգրում ենք քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ընտրողաբար վարվելու հնարավորություն տվող հետևյալ մարտավարությունը.


ա) բոյկոտողներին և ընտրություններին մասնակցողներին կոչ ենք անում լինել համերաշխ և, գործելով վերջին փուլում ընդվզման միջոցով համակարգից դուրս խնդիրը լուծելու տրամաբանությամբ, համադրել բոյկոտի մոբիլիզացնող և ապալեգիտիմացնող կարողությունը և ընտրությունների ներառական ներուժը,


բ) այն քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք արդեն բոյկոտում են ընտրությունները, կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, և մինչ ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին և սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորման գործընթաց,


գ) այն քաղաքացիներին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ,


դ) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում գործել զուգահեռաբար՝ միաժամանակ մասնակցելով այս գործընթացին, ինչպես նաև քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով,


ե) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք մինչև ապրիլի 2-ը չեն միանա այս գործընթացին, սակայն ապրիլի 2-ին հաջորդող օրերին կորդեգրեն ընդվզման միջոցով և համակարգից դուրս գործելու մոտեցում, առաջարկում ենք միանալ այդ ժամանակ,


զ) բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մինչև վերջ կմնան համակարգի մեջ և կգործեն նրա կանոններով, կհամարվեն գաղութային վարչակազմի բաղադրիչներ և առաջիկա համաժողովրդական ընդվզման թիրախներ:


Մեր պատկերացմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի այլընտրանքային ձևաչափով, քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ:


Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է գործի կարճ ժամանակով (օրինակ 100 օր), ունենա օրենսդիր և գործադիր արտակարգ լիազորություններ և բաղկացած լինի որոշակի չափանիշներին համապատասխանող գործիչներից (այս պարագայում Արցախի միացման, ապագաղութացման և համակարգային փոփոխությունների միջոցով դեպի զարգացում անդառնալի վիճակ ստեղծելու քայլերի կողմնակից հանդիսանալը): Ժողովրդի վստահության կառավարությունը անցումային փուլի ընթացքում կնախապատրաստի և կկազմակերպի Անցումային խորհրդարանի ընտրությունները:


Մենք պատրաստ ենք մասնակցելու այս գործընթացին և ստանձնելու պատասխանատվության մեր մասնաբաժինը»,- ասված է հայտարարության մեջ: