Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։
«Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր:
Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ կքննարկվի՞ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, նշվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ»,- տեղեկացրել է Վաշինգտոնում աշխատող «Լուրերի» թղթակից Մայա Խաչատրյանը:
Այսպիսով, այսօր՝ ժամը 22:30-ից, Վաշինգտոնում ակնկալվում են Փաշինյան-Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ: Դրանք ամբողջությամբ ուղիղ հեռարձակվելու են Առաջինի լրատվական ալիքով, Առաջին ալիքով և «Լուրերի» սոցիալական հարթակներում: