Արցախից հետո հիմա էլ երկարաժամկետ առումով սրանք մատաղ են անելու Սյունիքը
Երեկ 24News-ը հարցեր էր ուղղել ՀՀ կառավարությանն ամերիկյան առաջարկների հետ կապված։ Փաստացի, այսօր Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է այն, ինչի մասին մենք հարցրել էինք։ Եվ ուրեմն, համադրելով այս ամենը, մենք ունենում ենք հետևյալ պատկերը։
1. Փաշինյանն ԱՄՆ-ին է հանձնում Սյունիքով միջանցք, ինչքան էլ հիմա իրենց ճղեն ու այլ անուններ տան։ Այն տրվում է երկարատև կառավարման՝ 99 տարի ըստ որոշ լուրերի ու առանց խզելու իրավունքի, եթե դրան համաձայն չեն երեք կողմերն էլ։ Ոչ մի փոխադարձության սկզբունք չի լինելու, հայկական բեռները ոչ մի ամերիկացի չի ուղեկցելու Ադրբեջանի տարածքում։
2. Որքան էլ որ հայկական կողմի պահանջով ամեն պարբերությունում գրվելու է Հայաստանի ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականություն բառերը, փաստացի ստորագրվող փաստաթուղթը նման ոչ մի բան չի ենթադրելու, քանի որ ադրբեջանական կողմը չի հանդիպելու հայկական մաքսավորի։
3. Այս ամենը փաթեթավորվելու է բարձր «ցըմփերի» և «ուռաների» (ներեցեք՝ կեցցեների տակ), թե լուծվում է հարյուրամյա կոնֆլիկտը և այլն։
Չոր արդյունքում Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին ամերիկյան գարանտիաներով միակողմանիորեն տալիս է մի ճանապարհ, որը Փաշինյանը նախընտրական շրջանում ներկայացնելու է իբրև խաղաղության ձեռքբերում՝ դրա դիմաց ստանալով ամերիկյան աջակցությունը երկրում ցանկացած տեսակի այլանդակություն անելու համար։ Եվ ուրեմն, դիմացը լինելու են ռեպրեսիաներ, նոր կալանավարումներ, նոր քաղաքական բանտարկյալներ։ Սեփական իշխանությունը պահելու համար Արցախից հետո հիմա էլ երկարաժամկետ առումով սրանք մատաղ են անելու Սյունիքը։
24News-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյան