Սարգսյան. Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է ի հայտ գալ ցանկացած վայրում
Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է ի հայտ գալ ցանկացած վայրում: Այդ իսկ պատճառով հարկ է մշտապես զգոն լինել և միշտ ձեռնարկել միջոցներ դրա դեմ: Այս մասին «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ և’ Լոնդոնում, և’ Փարիզում մեծ միջոցներ են ծախսվում անվտանգության ապահովման համա, բայց ահաբեկչությունն այնպիսի հանցագործություն է, որի իրագործումը անհնար է կանխատեսել: Մի բան է, երբ կա տեսալի թշնամի, բայց այլ բան է, երբ փախստականների անվան տակ Եվրոպա են ներթափանցում այնպիսի մարդիկ, ում նպատակը լրիվ այլ է: Դրա դեմ պայքարել շատ դժվար է»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, մարտի 22-ին հանցագործը Լոնդոնի կենտրոնում մեքենայով մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ, դանակով հարձակվել ոստիկանի վրա: Միջադեպի հետևանքով զոհվել է չորս անձ, այդ թվում և ահաբեկիչը, ևս 29-ը տուժել, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»: