Չնայած միջազգային արբիտրաժի պահանջին՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարման փոփոխություններից, կառավարությունից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սկսել է նոր կադրային նշանակումներ կատարել: Այդ փոփոխություններն ի կատար ածվեցին ընդամենը մի քանի օր անց այն հայտարարությունից հետո, որտեղ Պետրոսյանը խոստանում էր փոխել ընկերության ղեկավար կազմը։
Արբիտրաժը դեռևս օրերս բավարարել էր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանների երրորդ պահանջը՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը դադարեցնել պետականացման գործընթացը, արգելել կառավարման մարմինների փոփոխությունն ու գույքի բռնագրավումը։ Սակայն, այդ որոշումը չխանգարեց, որ ՀԷՑ-ի Շիրակի «Ղարս» և Լոռու «Դեբեդ» մասնաճյուղերում նոր տնօրեններ նշանակվեն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Սարիկ Մինասյանը և Տիգրան Հովսեփյանը։
Պետրոսյանն անձամբ այցելել էր Գյումրի և Վանաձոր՝ ներկայացնելու նորանշանակ ղեկավարներին։ Այդ գործողությունները բուռն արձագանք ստացան ընդդիմության շրջանում։ Ըստ նրանց՝ շուրջ 7000 աշխատակից ունեցող այս խոշոր մասնավոր ընկերությունը քաղաքականացվում է՝ ընդառաջ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՀԷՑ-ը վերածվում է իշխանության նախընտրական շտաբի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին պնդում է, որ կառավարությունն իրականում փորձում է ՀԷՑ-ը օգտագործել որպես վարչական ռեսուրս՝ պահպանելով սեփական վերահսկողությունը՝ մինչդեռ ներդրումային պատասխանատվությունը թողնում է Սամվել Կարապետյանի վրա։ «Սա պարզապես վատ իմաստով կինո է։ Նշանակում են կառավարիչ, բայց պահանջում են, որ ներդրողը շարունակի ֆինանսավորումը իր միջոցներից։ Սա նոնսենս է», – ընդգծել է Քոչարյանը։
Պետրոսյանը չուշացավ արձագանքել՝ հրապարակելով իր բլոգում ցուցակ այն ռազմավարական ակտիվների, որոնք Քոչարյանի իշխանության տարիներին հանձնվել են Ռուսաստանին։ Գրառումը եզրափակվում է հռետորական հարցով՝ «Ում շահերն է պաշտպանում այս մարդը, որը շուրջ տասը տարի զբաղեցրել է բարձրագույն պաշտոն, և ի՞նչ է իրականում ուզում մեր ժողովրդից»։
Իշխող կուսակցությունում հրաժարվում են ՀԷՑ-ը քաղաքականացրած լինելու մեղադրանքներից։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարում է, որ հեղափոխությունից հետո ընտրությունները կեղծելու էջը փակ է, իսկ իրենց ընդդիմախոսներն այդ մեղադրանքներն անում են՝ ելնելով սեփական անցյալից։ Նրա խոսքով, եթե ՀԷՑ-ում երկու ՔՊ-ական կա, դա դեռ չի նշանակում կուսակցականացում։
Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը փոխանակում են մեղադրանքներ, Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է նշանակումներ ու ազատումներ անել ընկերությունում՝ անտեսելով ոչ միայն միջազգային արբիտրաժի իրավական սահմանափակումները, այլև քաղաքական ռիսկերը։ Այս ամենի ֆոնին ՀԷՑ-ը՝ որպես երկրի էներգետիկ համակարգի ողնաշար, վերածվում է իշխանության համար պայքարի գործիքի։ Եվ որքան մոտենում են 2026-ի ընտրությունները, այնքան հստակ է դառնում՝ ՀԷՑ-ը այլևս միայն էլեկտրական ցանց չէ։