2.08.2025
Սյունիքի «դարպասների» մասին
prev Նախորդ նորություն

ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Փաշինյանը տեսադաշտից «անհետացել» է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում այս պահին անհասկանալի իրավիճակ է: Բանն այն է, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բոլորի տեսադաշտից «անհետացել» է. որեւէ գրառում չի անում, չի հստակեցնում իր պլանները եկեղեցու գործընթացների վերաբերյալ, ու հստակ չէ, թե երբ է սկսելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ կսկսի արդյոք, թե ոչ: Կարելի է ասել՝ մշուշոտ իրավիճակ է ՔՊ-ի ներսում. բոլորն իրարից հետաքրքրվում են, թե ինչ սպասել, երբ: ՔՊ-ում թեժ քննարկվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անակնկալ ի հայտ գալը, թե ինչպես տարիներ շարունակ նախագահի նստավայրից դուրս չգալով՝ արդեն մի քանի օր է նա Սյունիքի մարզի տարբեր գյուղերում է շրջում, տարօրինակ հայտարարություն անում: Խաչատուրյանը արտասովոր պահվածքով զրուցում է գյուղացիների հետ, հայտարարում, թե պետությունը փողի խնդիր չունի, աջուձախ մուննաթ գալով խոսում է սյունեցիների հետ, երեկ էլ գովում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը քաղաքը, ըստ Խաչատուրյանի, «լավ է պահել»: Իշխանությունների ներսում թեժ քննարկվում էր, թե նախ՝ ինչու է նախագահն «առաջին պլան մղվել» ու հետո՝ ինչու է «անհետացել» Նիկոլ Փաշինյանը»։  


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համախմբվել են՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին «կարգելու» համար: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Ավանեսյանը ԲԿ-ի ժամանակավոր տնօրեն նշանակեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին, որը մանդատից հրաժարվելու ՍՄՍ էր ստացել. բայց սեպտեմբերի սկզբին պետք է կայանա տնօրենի պաշտոնի մրցույթը, որը հաղթելուց հետո նոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կունենա նոր տնօրեն:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Նարեկ Զեյնալյանը, Նարեկ Վանեսյանը, այլեւ ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ նախարար Ավանեսյանն ու նրա ոխերիմ բարեկամ դարձած Արսեն Թորոսյանը «ծուղակ» են մտածել. քանի որ ընտրող հանձնաժողովը, կարելի է ասել, «ենթարկվում» է նախարար Ավանեսյանին, նախկին ու ներկա նախարարները կփորձեն տնօրեն «ընտրել տալ» Նարեկ Վանեսյանին: Մարդ, որ տարիներ շարունակ կատարել է Արսեն Թորոսյանի հրահանգները, իսկ հիմա «ծառայում» է Ավանեսյանին: Այսինքն՝ Ավանեսյանն ու Թորոսյանը դեմ են դուրս եկել Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից քաղաքական որոշմամբ նշանակված Զեյնալյանին՝ փորձելով նրան խաղից դուրս հանել:


Այս առումով առաջիկայում մեծ սկանդալ է սպասվում ՔՊ-ի ներսում, քանի որ ԲԿ-ում անգամ թեժ քննարկվում է, որ Զեյնալյանը ստիպված է լինելու հեռանալ հիվանդանոցի տնօրենի պաշտոնից, որովհետեւ այդպես են ուզում նախկին ու ներկա նախարարները: Իսկ ինչն է պատճառը, որ վաղուց թշնամացած Ավանեսյանն ու Թորոսյանը կրկին միավորվել են: Բանն այն է, որ նրանք ունեն մտավախություններ, որ եթե Զեյնալյանը մնա, առաջիկայում բացահայտումներ են սպասվում կորոնավիրուսի, պետպատվերով բուժումների եւ գնումների գործընթացի մասով, ինչն անցանկալի է Թորոսյանի եւ նրա նախկին ենթակա Ավանեսյանի համար: Իսկ Նարեկ Վանեսյանը այն անձն է, որը կորոնավիրուսի ժամանակ Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել, ուստի ներգրավված է եղել տարբեր ենթադրյալ չարաշահումների գործերում, որի մասով բացահայտումները առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը շարքով սկսելու է:


Իսկ ո՞վ է Նարեկ Վանեսյանը: Մերժված «նախկինների» ժամանակ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ հիմնականում մի քանի ամսով. 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից նրան սկանդալով ազատեցին պաշտոնից: ՄԻՊ գրասենյակը հայտնել էր, որ հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Այդ օրերի նախարար Արսեն Թորոսյանը նրան անգործ չի թողել. Վանեսյանն այժմ էլ ՀՖՖ-ում զբաղեցնում է բժշկական դեպարտամենտի ղեկավարի յուղոտ աշխատավարձով պաշտոնը ու ընտանիքի հետ ՀՖՖ-ի շրջանակներում հաճախ ճամփորդում է: Երեկ փորձեցինք ԲԿ տնօրենի մրցույթի վերաբերյալ զրուցել երկու Նարեկների հետ, սակայն երկուսն էլ հայտարարեցին, որ որեւէ մեկնաբանություն չեն ցանկանում տալ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 6 ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն 5 լրագրողի ճանաչել է տուժող՝ ԱԺ օթյակում նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով, սակայն մինչ օրս քայլ չի արվել հանցանքի հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է: Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են ոստիկանության Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով:


Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը. նրանք բոլորը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը կոնկրետ անուններ էր տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը՝ ենթադրաբար հրահանգներ տալով: ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը ենթադրապես տվել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից: Այո՛, խոսքը նույն Դավիթ Առաքելյանի մասին է, որը հայտնի է շրջապատում «Ձուկ» մականունով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստացվում է այնպես, որ սկանդալայն վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը։ Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին եւ ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։ Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման համար Կառավարությունն արդեն իսկ 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է գումար, եւ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։ Ըստ որոշման՝ «Դոպինգ Սփեյս» կազմակերպության եւ Ջենիֆեր Լոպեսի միջեւ կնքված պայմանագիրն առկա է, որի օրինակը տրամադրվել է ԿԳՄՍ նախարարությանը: Նախագծում նշվում է նաեւ, որ միջոցառման ավարտից հետո պետական մարմնի եւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան՝ կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմնին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) եւ բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ եւ այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։


Այսինքն՝ Ջենիֆեր Լոպեսը Կառավարության համար ոչինչ չի արժենա, այլ փաստացիորեն կդառնա Սնուփ Դոգի չկայացած համերգի փոխհատուցումը։ Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը պետք է համերգ ունենար Երեւանում։ Կառավարությունը պայմանագիր էր կնքել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, որի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար։ Այդ գումարը պիտի ուղղվեր ռեփերի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության եւ ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը եւ գովազդային միջոցառումների իրականացմանը: ԿԳՄՍՆ-ն պահանջել էր, որ ընկերությունը վերադարձնի պետբյուջեից «խլված» գումարները, սակայն 2 տարի անց այդպես էլ ոչ մի լումա չէր վերադարձվել։


2025-ի հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր այս մասին հայտարարել, թե նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ Բանակցությունները ընթանում են, սակայն անարդյունք։ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ առաջ անգամ տեղյակ էլ չէր, թե ով է Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերում։ Ըստ գովազդի՝ նկատել էինք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը հովանավորել է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող «Հոմպլեքս մոլ»-ը, «Էվոկաբանկը», «Վիզա քարտը», Pepsi եւ Martini ըմպելիք արտադրող ընկերությունները։ Իսկ ո՞ւմ է պատկանում համերգը կազմակերպող ընկերությունը. մամուլում բազմիցս գրվել է, որ «Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը»։


 

Ադրբեջանը դիրքավորվում է որպես կառուցողական երկիր, իսկ հայերիս վերածում է ագրեսորի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան