Հայերն իրականացրել են աշխարհը փոխող քայլեր և այդպես պետք է շարունակենք: Այս մասին Արարատի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
Իր ելույթում նա ներկայացրել է անցած վեց ամիսների գործունեության արդյունքները.
«Այս ամսվա վերջին կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ կտրամադրենք գրավոր հաշվետվություն, որը ցույց կտա, որ նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են: 2017թ-ի առաջին երկու ամիսներին, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արձանագրվել է առևտրային ակտիվության 6.2 տոկոս աճ, արդյունաբերության 16.1 տոկոս աճ, որի մեջ՝ 107 տոկոս հանքարդյունաբերության աճ, 109 տոկոս գյուղատնտեսության աճ, 130 տոկոս մետալուրգիայի աճ, 150 տոկոս խմիչքների արտադրության աճ, 147 տոկոս ՏՏ ոլորտի աճ, 3 անգամից ավելի ոսկերչության աճ և այլն»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ շատ տրամաբանական հարց կարող է հնչել՝ թվերը լավ են հնչում, սակայն կյանքի որակը ինչո՞ւ չի փոխվում: Վարչապետի խոսքով, այսօրվա մեր սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մենք դեռ շատ քայլեր պետք է անենք, որ հասնենք այն կետին, որից հետո որակական փոփոխություններ կլինեն: Անդրադառնալով սոցիալական ոլորտի փոփոխություններին` ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է, որ հիմնական շեշտը դրվելու է ծախսերի արդյունավետության բարձրացման վրա:
«Սոցիալական ոլորտում մեր բարեփոխումները հետևյալն են` այն նույն միջոցները, որոնք մինչն այսօր ծախսում էինք ոչ այնքան արդյունավետ, նույն ծառայություններն անելու ենք ավելի որակյալ և 20-30 տոկոս ավելի շատ մարդկանց է հասանելի դառնալու: 2017-ը հայտարարվել է չորս գործառույթների տարի՝ խնդիրների ախտորոշում, սանիտարիզացիա, պետական կառավարման բարեփոխումների սկիզբ, կայունացում: Այս չորս գործառույթը չափազանց կարևոր է մեզ համար, որի իրականացման պարագայում ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի 2018-ին ունենանք պարբերական կայուն, հաստատակամ, առողջ աճ: Չունենք ոլորտ, որտեղ բարեփոխումների կարիք չլինի, այդ իսկ պատճառով բոլոր ոլորներում իրականացնելու ենք փոփոխություններ, որոնք արդեն մասամբ սկսել ենք: Դրանք կբաժանեի երեք մասի՝ կառավարման, տնտեսական և սոցիալական: Հավանաբար նկատել եք կառավարման ոլորտում փոփոխությունները, թե կառավարության կազմի առումով, թե որոշում կայացնելու: Մենք փորձել ենք բալանսավորել պատասխանատվությունն ու պարտավորությունները, որպեսզի դիզբալանս չլինի: Մեծ փոփոխություններ են նախատեսվել տարածքային կառավարման ոլորտում»,- ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ վերլուծելով այսօրվա իրավիճակը, սկսելով բարեփոխումները, ՀՀԿ-ն ներկայացրել է համալիր ծրագիր, որտեղ խոսում է բոլոր խնդիրների մասին: «Ուսումնասիրելով տարբեր երկրներում իրականացված բարեփոխումները, որոնք բերել ենք արդյունքի, հանգել ենք եզրակացության, որ մենք որևէ պատճառ չունենք, որպեսզի չունենանք բարեկեցիկ պետություն, ուստի պետք է անընդհատ պետք է աշխատենք»,- ասել է Կարեն կարապետյանը:
Կարևորելով հետադարձ կապը քաղաքացիների հետ՝ ՀՀԿ նախագահի առաջաին տեղակալը նշել է, որ ՀՀ քաղաքացին պետք է մշտապես ակտիվորեն դրսևորի իր քաղաքացիական դիրքորոշումը, լինի անհանդուրժող խնդիրների, հիվանդությունների նկատմամբ: «Մեր ուսումնասիրած պետությունների բոլոր բարեփոխումները և ծրագրերը եղել են հավակնոտ ու համարձակ, պրագմատիկ և ռացիոնալ, եղել է մեծ կամք, նպատակասլացություն և կոշտություն: Այն համալիր ծրագիրը, որն ունենք մենք, բավարարում է այս հատկանիշներին: Ռեալ, նպատակասլաց գնալու ենք դրան, իսկ ձեր մասնակցության դեպքում այս փոփոխությունները միանշանակ կլինեն արագ և հաստատակամ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Խոսելով ՏՏ ոլորտի մասին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարությունը ներկայացնելու է առաջարկություններ, որպեսզի այն որակապես նորովի զարգանա: «Համացանցում տեղադրվել է տեսահոլովակ, որը կոչվում է «Ինովացիաների ազգ», վստահ եմ, որ չկա մի հայ, որն այն դիտելուց հետո չհպարտանա, որ հայ է: Այն հստակ օրինակներով ցույց է տալիս, թե աշխարհում որքան բան ենք մենք փոխել: Իրականում հայերն իրականացրել են աշխարհը փոխող քայլեր և այդպես պետք է շարունակենք»,- շեշտել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: