Եթե Հայաստանը խորը, մտածված և ճշգրիտ չկարգավորի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտը, ապա երկիրը պարզապես չի տեսնի այն արժեքը, որն այսօր ստեղծվում է վիրտուալ միջավայրում։ Այս մասին հուլիսի 31-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ անբավարար կարգավորումները կարող են հանգեցնել IT արտադրման դուրսբերմանը Հայաստանից։
Փոխվարչապետը նշեց, որ վիրտուալ տնտեսության պարագայում նույնիսկ փոքր սխալը կարող է հանգեցնել նրան, որ ծառայությունների ստեղծման գործընթացը տեղափոխվի այլ երկիր, իսկ Հայաստանը կկորցնի ոչ միայն այդ արտադրանքը, այլև դրա արտահանման եկամուտը։ «Մենք պետք է մշտապես հետևենք, թե ինչպես է ծառայություն արտադրող բիզնեսը արձագանքում մեր ռազմավարությանը։ Անհրաժեշտ է հստակ վերահսկել գործընթացը, որպեսզի չունենանք այնպիսի քայլեր կամ կարգավորումներ, որոնք կհանգեցնեն արտադրության վայրի փոփոխության և մեր շուկայից դրա դուրսբերմանը», — ասաց նա։
Գրիգորյանը նաև հատուկ ընդգծեց որակի ստանդարտների և դրանց սերտիֆիկացման համակարգերի կարեւորությունը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ «Պարոն Պապոյան, ուզում եմ շեշտել՝ եթե մենք չունենանք լիարժեք որակի ստանդարտներ և դրանց հավաստման ինստիտուտներ, ենթակառուցվածքային զարգացումը պարզապես արդյունք չի տալու։ Սա անբաժանելի բաղադրիչ է․ այսօր արտահանման հետ կապված խնդիրների 99%-ը մենք սովոր ենք վերագրել լոգիստիկային, բայց ես ավելի հակված եմ մտածելու, որ դրանք գալիս են հենց որակի հավաստման բացակայությունից», — ընդգծեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կարող է լինել որակյալ արտադրանք, սակայն բացակայում է այն մշակույթը, որն ապահովում է այդ որակի ընդունելի սերտիֆիկացում՝ հասկանալի և վստահելի միջազգային սպառողի համար։ «Մենք պետք է կարողանանք մեր արտադրանքը ներկայացնել այնպիսի ձևով, որ արտերկրում միանշանակ ընկալվի՝ սա որակյալ ապրանք է», — եզրափակեց նա:
Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2025–2030 թթ. արտահանման խթանման ռազմավարությունն ու այն իրականացնող գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթն ընդգրկում է հինգ հիմնական ուղղություն և 50-ից ավելի միջոցառում, որոնց իրականացման համար նախատեսվում է ուղղել շուրջ 98 միլիարդ դրամ կամ մոտավորապես 250 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում ծրագիրը կկենտրոնանա օրենսդրական բարեփոխումների վրա, իսկ հիմնական ֆինանսավորումը նախատեսվում է 2027–2029 թվականներին։
Համաձայն ռազմավարության` կառավարության նպատակը տեղական արտահանման ծավալների զգալի աճն է։ Մասնավորապես՝ մինչև 2030 թվականը արտահանման ծավալը նախատեսվում է մեծացնել 1.7 անգամ՝ հասնելով 16.9 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան միջինում 9.3% աճով։ Ծառայությունների արտահանումը կկազմի 10.3 մլրդ դոլար՝ տարեկան 10.4% աճով, իսկ ապրանքների արտահանումը՝ 6.6 մլրդ դոլար՝ 7.8% միջին տարեկան աճով։ Ըստ կառավարության հաշվարկների՝ արտահանման խթանումը 2.92 տոկոսային կետով կավելացնի ՀՆԱ-ի աճը։