1.08.2025
Ավարտվել է 2020թ. զանգվածային անկարգություններին 7 մասնակիցների քրվարույթի նախաքննությունը
prev Նախորդ նորություն

Հասնել 17 միլիարդ դոլարի. կառավարությունը 250 մլն դոլար կուղղի արտահանման խթանմանը

Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2025–2030 թթ. արտահանման խթանման ռազմավարությունն ու այն իրականացնող գործողությունների ծրագիրը։


Փաստաթուղթն ընդգրկում է հինգ հիմնական ուղղություն և 50-ից ավելի միջոցառում, որոնց իրականացման համար նախատեսվում է ուղղել շուրջ 98 միլիարդ դրամ կամ մոտավորապես 250 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում ծրագիրը կկենտրոնանա օրենսդրական բարեփոխումների վրա, իսկ հիմնական ֆինանսավորումը նախատեսվում է 2027–2029 թվականներին։


Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կառավարության նպատակը տեղական արտահանման ծավալների զգալի աճն է։ Մասնավորապես՝ մինչև 2030 թվականը արտահանման ծավալը նախատեսվում է մեծացնել 1.7 անգամ՝ հասնելով 16.9 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան միջինում 9.3% աճով։ Ծառայությունների արտահանումը կկազմի 10.3 մլրդ դոլար՝ տարեկան 10.4% աճով, իսկ ապրանքների արտահանումը՝ 6.6 մլրդ դոլար՝ 7.8% միջին տարեկան աճով։


Ըստ կառավարության հաշվարկների՝ արտահանման խթանումը 2.92 տոկոսային կետով կավելացնի ՀՆԱ-ի աճը։ Արտահանման հաշվեկշիռը ՀՆԱ-ի նկատմամբ 2030 թվականին կկազմի –6.27%, այն դեպքում երբ 2019-ին այդ ցուցանիշը –13.34% էր։ Արտահանելի ոլորտների մասնակցությունը տնտեսության մեջ կաճի մինչև 10% (2023-ի 3.4%-ի փոխարեն), իսկ մեկ աշխատողի հաշվով համախառն ավելացված արժեքը արտահանման ոլորտներում կհասնի 18.6 մլն դրամի՝ 2023-ի 14.4 մլն դրամի փոխարեն։


Պապոյանը նաև ընդգծել է, որ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրականացումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանային տրամաբանությունը։ «Եթե հայ-թուրքական սահմանի հետ խնդիրներ ունենք, պետք է նախաձեռնենք երկխոսություն, որպեսզի կարողանանք օգտվել թուրքական նավահանգիստներից», — նշել է նախարարը։


Արտաքին առևտրի ներկա վիճակը


Վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առևտուրը կտրուկ աճ է գրանցել՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի ուղղությամբ և Ռուսաստանից դեպի երրորդ երկրներ վերաարտահանման ծավալների մեծացմամբ։ Տեղի է ունեցել նաև ԱՄՆ-ից և ԵՄ-ից դեպի Ռուսաստան ապրանքների վերաարտահանում Հայաստանի միջով։ Սակայն 2025 թվականի առաջին կիսամյակում արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է։ Ըստ ՊԵԿ և Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվարից հունիս արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.67 մլրդ դոլար, ինչը 45% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը նվազել է 52.8%-ով՝ կազմելով 3.76 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 38.6%-ով՝ հասնելով 5.91 մլրդ դոլարի։


Այս ռազմավարության հաստատումը պետք է դառնա նաև կառավարության պատասխանը առկա անկայունությանը՝ տնտեսական արտահանման կառուցվածքը ավելի կայուն և բազմաբնույթ դարձնելու նպատակով։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան