Հայաստանից արտահանվող կոնյակի մեծ մասն այսօր համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին։ Այս մասին հուլիսի 31-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման խոչընդոտները աստիճանաբար հաղթահարվում են, իսկ մոտ ապագայում Հայաստանը կունենա կոնյակի որակը վերահսկելու սեփական լաբորատոր կարողություն։
Նախարարը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանը լուրջ խնդիր ուներ կոնյակի իզոտոպային ստուգումների առումով։ «Մենք չունեինք այդ հնարավորությունները և չէինք իրականացնում ստուգումներ։ Այլ երկրները տարբեր կերպ էին վարվում՝ ոմանք ստուգում էին, ոմանք՝ ոչ։ Սա նաև հիմք դարձավ որոշ հրապարակումների՝ իբր հայկական կոնյակը պատրաստվում է ոչ թե խաղողի սպիրտից։ Սակայն այժմ օտարերկրյա գործընկեր պետությունը ամեն օր իրականացնում է ստուգումներ և տրամադրում վիճակագրություն։ Արդյունքներն ավելի քան 95 տոկոս դեպքերում դրական են։ Շատ մեքենաներ, որոնք կուտակված են եղել սահմանին, պարզապես չեն իմացել, որ ստուգման պետք է ենթարկվեն», — նշել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ հարցի համակարգային լուծման համար Հայաստանը արդեն իսկ քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես՝ օգոստոսի 13-ից նախատեսվում է շահագործման հանձնել իզոտոպային ստուգումների սեփական լաբորատորիան, որը, թեև համեստ հնարավորություններ կունենա՝ օրական 3-4 նմուշի մշակմամբ, այնուամենայնիվ թույլ կտա վերջապես լուծել այս հարցը տեղական մակարդակում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի գարնանը խնդիրներ էին ծագել հայկական կոնյակների և գինիների արտահանման ուղղությամբ։ Մայիսին Վրաստանը հրաժարվել էր թույլ տալ մի շարք հայկական արտադրողների բեռների տարանցումը իր տարածքով՝ դեպի Ռուսաստան և այլ երկրներ։ Մայիսի 13-ին և 21-ին արտահանողները բողոքի ակցիաներ էին անցկացրել Վրաստանի դեսպանատան դիմաց և դիմել էին ՀՀ կառավարությանը՝ միջամտելու խնդրին։ Էկոնոմիկայի նախարարը բազմիցս հայտարարել էր, որ խնդիրը գտնվում է իր վերահսկողության ներքո։
Հունիսի 24-ին, առաջին անգամ մի քանի ձախողված փորձերից հետո, հայաստանյան բարձրաստիճան պատվիրակություն՝ Գևորգ Պապոյանի, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, մեկնեց Թբիլիսի։ Նրանք հանդիպումներ ունեցան Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլու, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլու և եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ։
Բանակցությունների արդյունքում, ինչպես նշել էին Պապոյանն ու Հակոբյանը, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հայկական կոնյակի արտահանման գործընթացը կազմակերպել փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։ Նախարարը հավելել էր, որ հետագա քայլերը և մանրամասները կքննարկվեն բիզնես համայնքի հետ՝ աշխատանքային ձևաչափով։