Կառավարությունը վեց երիտասարդների ազատել է պարտադիր զինծառայությունից
Լուսանկարը` Sputnik
Հուլիսի 24-ի նիստում կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն վեց երիտասարդ ազատվել են պարտադիր զինծառայությունից՝ գիտության ոլորտում իրենց ներդրման և հետագա մտավոր ստեղծագործական աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով։
Պարտադիր զինծառայությունից ազատվածներից է Գարրի Գարիկի Գասպարյանը։ Ըստ կառավարության հիմնավորման՝ նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստեղծման ու կիրառման համար անհրաժեշտ է շարունակել գիտահետազոտական աշխատանքը։
Նույն նիստում նույն հիմնավորմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել են նաև Բագրատ Վահեի Մովսիսյանը, Գոռ Արտուրի Հովհաննիսյանը, Կարեն Արթուրի Մաստոյանը, Վարազդատ Արտեմի Ստեփանյանը և Դավիթ Գարիկի Մինասյանը։ Նրանց բոլորի աշխատանքը ճանաչվել է որպես կարևոր գիտական ներդրում։
Հայաստանում պարտադիր զինծառայությունը սահմանված է 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիների համար։ Ծառայության տևողությունը երկու տարի է։ Զորակոչերը տեղի են ունենում տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել նրանք, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ կամ ուսումնառության ընթացքում ստացած բացառիկ ակադեմիական հաջողություններ։ Կա նաև այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, որը տևում է մոտ 30 ամիս։
Զինվորական ծառայությունից խուսափելը քրեական հանցագործություն է, որի համար նախատեսված է երեքից հինգ տարվա ազատազրկում, իսկ ռազմական դրության պայմաններում՝ մինչև տասներկու տարի։ Սակայն շատ դեպքերում գործերը փակվում են, եթե անձը արդեն 27 կամ 37 տարեկան է և այլևս չի ենթարկվում զորակոչի։