Ջերմուկը կստանա 6 միլիոն եվրո՝ զբոսաշրջային կլաստերի զարգացման համար
Լուսանկարը` mineconomy.am
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ծրագրեր, որոնց շնորհիվ Ջերմուկը կստանա 6 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների և գործարար միջավայրի զարգացման համար։
Հուլիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, մարզպետ Կոլյա Միքայելյանը, համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Ջերմուկ համայնքի տնտեսական ակտիվության խթանման, ներդրումային միջավայրի բարելավման և զբոսաշրջության զարգացման ուղիները։
Նախարարը հայտնել է, որ Ջերմուկը դարձել է շահառու նոր վարկային փաթեթի շրջանակում, որի միջոցով համայնքը կստանա լրացուցիչ 6 միլիոն եվրո։ Այդ միջոցները կուղղվեն զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և տեղական բիզնեսի համար կայուն հնարավորությունների ստեղծմանը։
«Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կստանան լիարժեք ու հիշարժան փորձառություն, իսկ գործարարները՝ զարգացման կայուն հնարավորություններ՝ պետության աջակցությամբ», – նշել է Գևորգ Պապոյանը։
Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց հուզող հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզային բիզնեսին և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը։