Փաշինյանին արհեսատական աղմուկ է պետք երկրում, քանի որ դրսում թույլ է. Իրավապաշտպան
Լուսանկարը` factor.am
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ ուղղված վերջին հայտարարությունները նպատակ ունեն երկրում արհեստական աղմուկ բարձրացնել՝ փարատելու հանրային ուշադրությունը Ալիեւի նվաստացուցիչ հայտարարություններից եւ արտաքին դաշտում սեփական թույլ դիրքից։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանձախնդիր չէ եկեղեցու մաքրագործման հարցով, այլ ներհայաստանյան աղմուկ է ստեղծում՝ փորձելով դրանով խլացնել դրսից հնչող վտանգավոր ձայները։
«Նրան ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան, որովհետեւ դրսում թույլ է, խոցելի է։ Ներսի բարձր աղմուկով դրսի իր թուլությունն ու խոցելիությունն է սքողել փորձում։ Այս համատեքստում ափսոս է, իհարկե, շատ ափսոս է Հայաստանը», – գրել է Հարությունյանը։
Նա հատկապես ցավալի է համարում այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր հավատացել են, թե Փաշինյանի նպատակը եկեղեցու բարելավումն է։ «Մեղք են նաեւ այն միամիտները, ովքեր իրենց իրենց հավատացրել են, թե Փաշինյանը եկեղեցին մաքրելու խնդիր ունի ու նրա աջակցությունն են դարձել։ Բոլոր հարցերը լուծել, ավարտել են, եկեղեցու մաքրագործումն է մնացել, որով պետք է զբաղվեն իշխանությունները՝ թիկունքում սեփական պրոպագանդիստների, զոմբիացված հետեւորդների ու ինքնախաբված միամիտների աջակցությունն ունենալով», – գրել է նա։
Նշենք, որ այս հայտարարությունները հնչում են այն փուլում, երբ մեծ քաղաքական եւ հանրային աղմուկ է բարձրացել Հայաստանի էլեկտրական ցանցերի (ԷՍԱ) շուրջ, որոնց սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորված է, իսկ իշխանությունները սկսել են ընկերության պետականացման գործընթացը՝ առաջացնելով ընդդիմադիր ու քաղաքացիական շրջանակների խիստ քննադատությունը։