Ռուսաստանում որոշակի անհասկացվածություն ու տարընթերցում կա Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների մասով, մասնավորապես, ԵՄ-ին հնարավոր անդամակցության հետ կապված, որովհետև մի շարք փորձագիտական գնահատականներով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը և ԵԱՏՄ-ի շրջանակներում գործակցությունը Հայաստանի համար պետք է լինի թիվ մեկ առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորել է Գագիկ Ծառուկյանը, մասնակցել է տնտեսական միջազգային համաժողովին:
"Ոչ միայն տնտեսագիտական հաշվարկները, իրողությունն ու հասարակա տրամաբանությունն է հուշում, որ չի կարելի քանդել այն, ինչ կառուցվել է ու խիստ արդյունավետ է աշխատել և գնալ մի բանի ետևից, որը շոշափելի չէ, որը ոչ մի երաշխիքներ այս պահին չի կարող տրամադրել, ավելին՝ բազմաթիվ վտանգավոր հետևանքներով է հղի: Եվ փորձագետների շրջանակում այս քննարկումները շատ ակտիվ շարունակվում էին, որովհետև համաժողովի ուղղվածությունը առաջին հերթին տնտեսական է և բնական է, որ այդ հարցերը չէին կարող չքննարկվել",- նշեց Տոնոյանը:
Նա տեղեկացրեց, որ միայն 2024 թվականի կտրվածքով Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են շուրջ $13 մլրդ, իսկ հեռանկարում ԵՄ-ի հետ անդամակցության կոնտեքստում դա ընդամենը $2 մլրդ է կազմելու.
"Այո, որևէ մեկը չի բացառում, որ պետք է համագործակցություն բոլորի հետ՝ Արևելքի, Արևմուտքի և այլնի հետ, բայց կա կառուցվածք, բայց կա արդյունավետ աշխատող միություն ու եթե կա ընտրության դաշտ, ապա այստեղ ընտրությունը, այդ թվում նաև փորձագետների ու տնտեսագետների կարծիքով, պետք է ակնհայտ լինի: Այն է՝ ԵԱՏՄ-ն պետք է բացարձակ առաջնահերթություն լինի",- շեշտեց ռուսական կողմի հրավերով հայկական պատվիրակության կազմում Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովից վերադարձած Տոնոյանը:
Նա նաև նշեց, որ շատ չակերտներ բացել չի կարող՝ հասկանալի պատճառներով, բայց իրենց գոհացնում են համաժողովին մասնակցության արդյունքները՝ թե՛ բովանդակային, թե՛ ձեռք բերված պայմանավորվածությունների տեսանկյունից:
Գալով տարածաշրջանային զարգացումներին, նախկին պատգամավորը նշեց, որ դրանք բավականին մտահոգիչ են, քանզի Հայաստանը շրջապատված է երկու թշնամական պետություններով, իսկ բարեկամ երկիրը պատերազմից հինգ է պակաս, և թեև հիմա հրադադար է, բայց իրադարձությունները շատ արագ կարող են փոխվել, ինչը Հայաստանի համար սպառնալից հետևանքներ կարող է ունենալ: Տոնոյանի խոսքով, այո, այս պահին հրադադար է, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ ամիսներ կամ օրեր անց իրավիճակը չի կրկնվելու և հնարավոր վատագույն սցենարները կյանքի չեն կոչվելու: Իսկ ՀՀ իշխանությունը, նրա խոսքով, այդ ամենին պատրատ պետք է լինի ոչ թե ֆեյսբուքյան գրառումների մակարդակով, այլ ավելի լուրջ ու խորքային աշխատանքով, ամենօրյա ռեժիմով մշակելով հնարավոր սցենարներ բոլոր զարգացումների համար:
"Իրավիճակի լրջությունը պետք է գնահատվի ըստ արժանվույն, անհրաժեշտ են լրջագույն օբյեկտիվ վերլուծություններ, քանի որ Հայաստանը ամեն պահի կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ: Այս պահին մաքսիմալ զգոնությունը, լրջությունն ու ադեկվատությունը տարածաշրջանային լրջագույն զարգացումների ֆոնին և Հայաստանի ներքին օրակարգի համապատասխանեցումը դրանց բացարձակ առաջնահերթություն է",- հավելեց նա: