«Սա իշխանություն չէ, սա հոգեկան խանգարում է». Միքայել Աջապահյան
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձանագրում է՝ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն պետք է արձագանքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին, իսկ առողջապահության ոլորտը՝ նրա հոգեվիճակին։ Ըստ Աջապահյանի՝ խոսքն այլևս պարզապես եկեղեցու դեմ ուղղված հարձակման մասին չէ, այլ՝ պետական համակարգի լիակատար քայքայման։
Երևանում հունիսի 16-ին կայացած պետություն–եկեղեցի հարաբերություններին նվիրված քննարկման ընթացքում նա վերհիշել է Վազգեն Ա կաթողիկոսի և խորհրդային ղեկավարության հանդիպումը՝ ընդգծելով, որ նույնիսկ աթեիստական ռեժիմը հարգանքով էր մոտենում եկեղեցուն։ «Այն ժամանակ շատ ավելին էր արվում, քան հիմա։ Իսկ հիմա մենք վերադառնում ենք 20–30-ականների շնչին՝ հարձակման են ենթարկվում ոչ միայն եկեղեցին, այլև ինքնությունը», — նշել է նա։
Աջապահյանը շեշտել է, որ իր մտահոգությունը հոգևորականի դիրքից չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Նրա խոսքով՝ վարչապետը ներխուժում է այն ոլորտներ, որոնք դուրս են իր իրավասություններից, իսկ պետության համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, արդարադատության նախարարությունը լռում են։
Անդրադառնալով վարչապետի կնոջ՝ անչափահասների նկատմամբ բռնության մասին հայտարարություններին, Աջապահյանն ընդգծել է՝ չկա որևէ քրեական գործ։ «Սա ոչ միայն անտարբերություն է, այլև ցույց է տալիս, որ պետությունը քայքայվել է։ Առողջապահությունը չի՞ տեսնում, որ առաջին դեմքի հոգեկան վիճակը վտանգավոր է։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է», — ասել է նա։
Արքեպիսկոպոսը հավելել է, որ նույնիսկ հոգևոր հովիվները, գիտենալով համայնքի անդամների անձնական տեղեկությունները, երբեք չեն օգտագործում դրանք շանտաժի կամ ճնշման համար։ «Իսկ այսօրվա իշխանությունը զբաղված է քաղաքական շանտաժով։ Մենք պարտավոր ենք բարձրաձայնել, քանի դեռ ողջ ազգը չի հայտնվել մի հոգեկան շեղում ունեցողի թելադրանքի ներքո», — եզրափակել է նա։