«Ամեն ինչ կախված է սրացումից». Ֆինանսների նախարարը՝ իրանական ռիսկերի մասին
Լուսանկարը` Sputnik
Հայաստանի կառավարությունն ուշադրությամբ հետևում է Իրանում զարգացող ճգնաժամին՝ գնահատելով դրա հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ գործադիրում արդեն որոշ կանխատեսումներ արված են, սակայն հունիսի 5-ին հաստատված Միջնաժամկետ ծախսային ծրագրում դրանք առայժմ չեն արտացոլվել։
"Փոխարենը փաստաթղթում ներկայացված են ռիսկերին վերաբերող հաշվարկներ, որոնցից մեկի համաձայն՝ արտաքին ցնցումների դեպքում տնտեսության աճը կարող է նվազել 5,1 տոկոսից մինչև ընդամենը 1,3 տոկոս", - ասաց Հովհաննիսյանը հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հատկապես մտահոգիչ է Իրանից ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացումը մատակարարումների խափանումների հետևանքով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ արդեն հիմա մի շարք բեռներ կանգ են առել Բանդար Աբբասի նավահանգստում կամ ճանապարհներին, իսկ արտահանման ու ներմուծման գործընթացներում նկատվում են լուրջ խափանումներ։
Բացի այդ, միջազգային ներդրողների տեսանկյունից, Հայաստան կարող է ընկալվել որպես ավելի ռիսկային երկիր, եթե Իրանի և Իսրայելի հակամարտությունը սրվի, ինչը իր հերթին կարող է բարձրացնել երկիր ուղղվող ներդրումային գումարների տոկոսադրույքները։
Այնուամենայնիվ, իշխանությունները զգուշացնում են՝ անհանգստանալու կարիք չկա։ "Հայաստանը նախկինում էլ բախվել է նմանատիպ իրավիճակների՝ օրինակ, 2022թ․ ռուս-ուկրաինական պատերազմը, որն ի վերջո բարենպաստ ազդեցություն ունեցավ հայկական տնտեսության վրա", - ասաց նախարարը։