Վստահության ճգնաժամ կառավարությունում. Արաիկ Հարությունյանի կադրերը հերթով ձերբակալվում են
Լուսանկարը` primeminister.am
Կառավարության ներսում խորանում է դժգոհությունը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արաիկ Հարությունյանի հանդեպ։ Ըստ NEWS.am-ի կառավարական աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է կորցնել վստահությունը թե՛ Հարությունյանի, թե՛ վերջինիս հովանավորած կադրերի նկատմամբ, որոնցից մի քանիսը վերջին ամիսներին հայտնվել են քրեական սկանդալների կենտրոնում։
Մայիսին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեղադրանքով։ Նա այդ պաշտոնում էր հայտնվել հենց Արաիկ Հարությունյանի աջակցությամբ։ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո վարչապետը կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել՝ քննադատելով նաև իր աշխատակազմի ղեկավարին։
Հունիսին սկանդալն ավելի խորացավ. Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նույնպես կալանավորվեց։ Ըստ մամուլի՝ նա մասնակցել էր ՔՊ-ի ներքին ծեծկռտուքի՝ բռնություն կիրառելով կուսակցական գործընկեր Տիգրան Մակարյանի հանդեպ։ Մկրտչյանը, ով համարվում է Արաիկ Հարությունյանի հովանավորյալ, Շենգավիթի թաղապետ էր դարձել ընդամենը 26 տարեկանում՝ առանց նախորդ աշխատանքային փորձի։
Մկրտչյանի անունը նախկինում կապվել է մի շարք բռնությունների և խուլիգանական դեպքերի հետ, իսկ նրա ղեկավարած վարչական շրջանում վերջերս բացահայտվել են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներ։ Իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև նրա գույքը։ Ակնհայտ է դարձել, որ պաշտոնում նշանակվելուց հետո նա կառուցել է շքեղ առանձնատուն, իսկ տվյալների համաձայն՝ ընտանեկան կապերով ձեռք է բերել նաև այլ գույք, որը հայտարարագրված չէ։
Մինչ հասարակությունը շոկի մեջ է Մկրտչյանի ձերբակալությունից, նույն հարցերը ուղղվում են նաև Արաիկ Հարությունյանին։ Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ վերջինս վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է իր գույքը՝ ձեռք բերելով հողամասեր Նաիրիում և Իջևանում, ինչպես նաև բնակարան Երևանում՝ ավելի քան 36 միլիոն դրամ արժողությամբ։ Բոլոր գույքերը գրանցված են բացառապես իր անունով։
Այս ամենը՝ Պետական կառավարման բարձրագույն օղակում կադրային պատասխանատվության և վստահության ճգնաժամի մասին է վկայում։