13.06.2025
Լուսանկարը` Փրկարար ծառայություն
prev Նախորդ նորություն

Առաջարկվում են հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված նոր իրավակարգավորումներ

2022 թվականին «Հաշտարարության մասին» օրենքի լայնածավալ փոփոխությունների արդյունքում պրակտիկայի վերլուծություն է կատարվել եւ հաշտարարության ինստիտուտի շարունակական բարելավման ու արդյունավետության բարձրացման եւս մեկ շրջանակ է առանձնացվել: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը եւ մանրամասնել «Հաշտարարության մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:


Տիգրան Դադունցի խոսքով այս տարվա հուլիսի 1-ից ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը կգործարկվի եւ նախատեսված փոփոխություններն ավելի կնպաստեն այս ինստիտուտի կայացմանը:


Առաջարկվում է առցանց հաշտարարության կիրառումն ավելի կատարելագործել՝ հստակ նշելով, որ առցանց հաշտարարության դեպքում կողմերը կարող են հաշտարարությունն էլեկտրոնային եղանակով ստորագրել: Փոխնախարարի գնահատմամբ սա կարեւոր քայլ է, որը կնպաստի հաշտարարության դեպքերի աճին: Փորձ է արվում բարձրացնել հաշտարարական հաստատությունների դերը:


Ներդվում է համահաշտարարության ինստիտուտը: Որոշակի բարդ գործերի դեպքում կողմերը կարող են համաձայնել եւ մեկից ավելի հաշտարարներ մասնակցեն գործին: Ըստ փոխնախարարի՝ սա կարեւոր է հատկապես բազմոլորտ վեճերով բարդ գործերի դեպքում:


Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ, եթե դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարարություն կամ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ համաձայնություն է կայացվում դատական գործի ընթացքում, ապա կողմերը կկարողանան նաեւ շեղվել դատարան ներկայացված հայցի առարկայից եւ հիմքից: Տիգրան Դադունցի պարզաբանմամբ հաճախ կողմերը հաշտարարության ընթացքում վեճի հայցի առարկայից դուրս այլ հարցերի վերաբերյալ համաձայնության են գալիս, իսկ այդ համաձայնությունը կարող է ապագայում կանխել նոր վեճերը: Փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, լուծի կողմերի միջեւ ապագայում առաջացող հնարավոր վեճերը, եւ կողմերը ստիպված չեն լինի այդ հարցերով կրկին հաշտարարություն իրականացնելու կամ դատարան դիմելու:


Ներկայումս հաշտության համաձայնությունը 6 ամսվա ընթացքում է ուղարկվում դատարան հաստատման, որ պարտադիր բնույթ կրի: Առաջարկվում է 6 ամսվա ժամկետը դարձնել 1 տարի:


Մեկ այլ առաջարկով հնարավորություն է տրվում օտարերկրյա անձանց մասնակցությամբ հաշտարարությունն իրականացնել Հայաստանում: Ներկա կարգավորումներով կողմը Հայաստանում բնակության վայր ունենալու դեպքում կարող է դիմել դատարան: Օտարերկրյա մասնակցությամբ հաշտարարության համաձայնությունը կհաստատի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը:


Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը