Փաշինյանը ընդդիմությանն է դիմում՝ «Եթե հիմնադրամից գողացել են, թող գրավոր ներկայացնեք»
Լուսանկարը` primeminister.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է վերջ դնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տարածվող մեղադրանքներին և կոչ է անում ընդդիմությանը՝ փաստերով հանդես գալ, այլ ոչ թե ենթադրություններով։
Հունիսի 12-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմադիր շրջանակներից պարբերաբար հնչող մեղադրանքներին այն մասին, թե իբր յուրացումներ են եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից։ Վարչապետը հիշեցրեց, որ Ազգային ժողովում ստեղծվել էր քննիչ հանձնաժողով, որի ղեկավարն էլ եղել է հենց ընդդիմության ներկայացուցիչը, բայց մինչ օրս այդ հանձնաժողովի եզրակացությունը հանրությանը ներկայացված չէ։
«Ո՞ւր է այդ հանձնաժողովը, ո՞ւր է իրենց զեկույցը։ Եթե գողություն է եղել՝ գրավոր փաստեք, ստորագրեք։ Մենք էլ կդիմենք դատարան և կպարտադրենք հակառակը պնդել»,- ընդգծեց Փաշինյանը՝ ակնարկելով, որ մեղադրանքներն ավելի շատ քաղաքական շահարկումներ են, քան իրականություն։
Վարչապետն ընդգծեց, որ որոշ քաղաքական գործիչներ, որոնց ինքը անվանեց «կաշառակերներ», շարունակում են շահարկել թեման, ակնհայտորեն նկատի ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին նշեց, որ այս ամբողջ աղմուկը «կեղծ օրակարգ է, դատարկ փուչիկ», և հավելեց, որ հենց հիմնադրամի ղեկավար մարմնում ներգրավված ուժերն են տարածում այդ անհիմն պնդումները։
Փաշինյանը եզրափակեց՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հարցը քննարկել է և որևէ խնդիր չի արձանագրել։ Եթե ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կա, ապա հենց այդ մարմինն էլ պետք է պարզաբանումներ ներկայացնի՝ ում են լսել, ինչ հարցեր են ուսումնասիրել, և ինչ եզրակացության են եկել։