Աղքատության դեմ՝ աշխատանքի միջոցով. կառավարությունը նոր ծրագիր է մեկնարկում
Լուսանկարը` primeminister.am
Պետությունը փոխում է մոտեցումը. փոխանակ սոցիալական օգնության, կտրամադրվի իրական հնարավորություն աշխատելու և հաղթահարելու աղքատությունը։ Կառավարությունը հաստատել է նոր ծրագիր, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին ներգրավել աշխատաշուկա։
Հունիսի 12-ի նիստում կառավարությունը հաստատեց ծրագիր, որի միջոցով անապահովության գնահատական ստացած ընտանիքների աշխատունակ անդամներին կառաջարկվի ոչ թե պարզապես աջակցություն, այլ իրական հնարավորություն՝ դուրս գալու աղքատության վիճակից աշխատանքի միջոցով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է փոխել համակարգային մոտեցումը. «Չպետք է հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում»։
Նախագիծը նախատեսում է մի քանի փուլ՝ նախ պարզելու համար, թե որոնք են այդ անձանց ներուժն ու հնարավոր աշխատավայրերը, ապա նրանց կտրվի ոչ ֆորմալ ուսուցում՝ անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման համար։ Այնուհետև կիրականացվի նախնական, ապա՝ երկարաժամկետ զբաղվածության փուլ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած ծրագիրը երեք ուղղությամբ է՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և դրանից հետո մշտական զբաղվածություն, ինչպես նաև գործատուին մասնակի փոխհատուցման միջոցով աշխատանքի տեղավորում։
Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին ընդգրկել շուրջ 400 շահառու, որի համար կպահանջվի մոտ 197 միլիոն դրամ։ Կառավարությունը հույս ունի՝ այս նախաձեռնությունը կդառնա ակտիվ քաղաքականության հիմք՝ աղքատության պասիվ հաղթահարման փոխարեն։