12.06.2025
Եկեղեցին քննադատության թիրախում․ Փաշինյանի հերթական հարձակումը
prev Նախորդ նորություն

Հայաստանում գործող իշխանությունը հասել է բռնապետական մոլուցքի գագաթնակետին․ կարծիք

2018-ին սիրո և հանդուրժողականության կոչերով եկած իշխանությունը սեր և հանդուրժողականություն է դրսևորում ոչ թե սեփական ժողովրդի և եկեղեցու հանդեպ, այլ թուրքերի և ադրբեջանցիների։ Այս մասին հայտարարել է արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա նախաձեռնությունը՝ ստեղծել «Համակարգող խումբ», որը զբաղվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրմամբ»։


«Փաստորեն 2018-ին տեղի ունեցավ այսպես կոչված սիրո և հանդուրժողականության հեղափոխություն՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։ Այդ պահից մեր երկրում տիրում է նյարդային վիճակ, լարվածություն, որի գեներատորը հենց իշխանությունն է», — նշել է նա Review հաղորդման ընթացքում։ Նրա խոսքով՝ իշխանությունը, որը տապալել է իր բուն գործառույթները, այսօր իրեն վերապահում է միջամտելու իրավունք եկեղեցու գործերին և իրեն դնում է կաթողիկոսի դատավորի դիրքում։


Մելքոնյանը ընդգծել է, որ գործող վարչապետը իրեն իրավունք է վերապահում միջամտելու ոչ միայն եկեղեցական, այլև համալսարանների ներքին գործերին, ինչպես նաև դատական իշխանության հարցերին։ «Սա կարելի է համարել բռնապետական մոլուցքի գագաթնակետ», — ասել է նա։ Նա հռետորական հարց է բարձրացրել՝ ովքեր են լինելու այդ խմբի անդամները, որոնք պիտի «քննեն և դատապարտեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի ներկայիս գահակալին»։ «Պետք է հասկանալ, որ սա անձի հարց չէ միայն, ոչ միայն Գարեգին Հայրապետի հարցն է։ Սա Լուսավորչի հիմնադրած գահի հարցն է՝ 1700 և ավելի տարիների։ Պայքարը ուղղված է հենց աթոռի դեմ։ Իսկ քանի որ գահը ներկայացվում է եկեղեցու միջոցով, ապա սա պայքար է հենց եկեղեցու դեմ։ Եվ դրա հետևանքով խորանում է երկպառակությունը հասարակության մեջ։ Ատելությունը, առանց այն էլ ծայրահեղ մակարդակի հասած, էլ ավելի է խորանում։ Սակայն այդ ատելությունը ուղղված չէ թուրքերի կամ ադրբեջանցիների՝ մեր բուն թշնամիների դեմ։ Այն ուղղված է հենց մեր հասարակության տարբեր խմբերի դեմ՝ իշխանության և նրանց սեգմենտների կողմից», — նշել է նա։


Մելքոնյանը ընդգծել է՝ կան երևույթներ, որոնց հանդեպ չի կարելի անցնել կարմիր գծերը։ «Հիշո՞ւմ եք՝ երբ դեռ իշխանության չէին, ասում էին՝ պիտի հանեն կարմիր գծերը։ Խոսքն իբր կանգառների կարմիր գծերի մասին էր։ Բայց նրանք հանեցին բոլոր իրական կարմիր գծերը։ Փաստորեն այլևս չկա որևէ տաբու։ Կարելի է վիրավորել բոլորին, քննադատել բոլորին։ Միակ անքննադատելին, անձեռնմխելին և անթերին անձը Նիկոլ Փաշինյանն է, որն այսօր առաջնորդվում է դասական բռնապետական մոտեցումներով», — հավելել է նա։


Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանը մշտապես շեշտում է՝ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, և սա ներկայացվում է որպես պատճառ նրա հեռացման համար։ «Եթե սա է չափանիշը, ապա ինչպե՞ս վարվել մի իշխանության հետ, որը տապալել է իր հիմնական գործառույթը՝ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը։ Վերցնենք նույնիսկ իրենց ներկայացրած թիվը՝ 29,743 կմ²։ Դուք այդ 29,743-ը չեք կարողանում պաշտպանել։ Այդ տարածքից որոշ հատվածներ օկուպացված են թշնամու կողմից», — նշել է նա։


Մելքոնյանի համոզմամբ՝ գործող իշխանությունները զբաղվում են միայն այն հարցերով, որոնք իրենց թույլատրված են Բաքվից և Անկարայից, իսկ եկեղեցու դեմ հարձակումներն այդպես էլ պետք է ընկալել։


 


Նանա Վահրամյան

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը