13.06.2025
Հայաստանում գործող իշխանությունը հասել է բռնապետական մոլուցքի գագաթնակետին․ կարծիք
prev Նախորդ նորություն

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստի թեմաներից՝ կարելի է ասել գլխավորներից մեկը եղել է Կաթողիկոսի հեռացման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության անդամները եւս մեկ անգամ պնդել են, որ Վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգեւորականներին պետք է ամեն գնով թուլացնել, ու հանրային հնչեղության պետք է դարձնել Փաշինյանի հարցը՝ «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ»: ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա: ՔՊ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ դա առաջիկայում պետք է կանխել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնում է «Արﬔնիա 2026» շարժումը: Մանուկյանը մոտ 5 տարի ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, եղել է ավագանու անդամ՝ ՔՊ խմբակցությունից, բայց ՔՊ կուսակցության անդամ չի եղել: Գարնանը նա հեռացավ թե՛ կենտրոնի տնօրենի պաշտոնից, թե՛ ավագանու անդամակցությունից: Առաջին հայացքից դա նման էր ՔՊ-ից նեղացած մարդու արարքի, բայց Նարեկ Մանուկյանին ճանաչողները պատմեցին, որ դեռ 2020 թ․ պատերազﬕց հետո տարբեր ﬕջավայրերում նա վատ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, անգամ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել, ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ իշխանությունը նրան յուրային չէր համարում, եւ անգամ այն, որ հիվանդանոցը նրա կառավարման շրջանում լուրջ արդյունքների էր հասել, չխանգարեց նրա՝ պաշտոնից հեռանալուն։


Մեզ պատմեցին, որ Մանուկյանը գրեթե չէր ենթարկվում նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչը եւս խնդիրներ էր առաջացրել: Իսկ ավագանու կազմ նա մտել էր Տիգրան Ավինյանի ﬕջոցով, բայց այդպես էլ չէր ինտեգրվել թիﬕն: Սակայն Մանուկյանի հայտարարություն-լայվը եւ վերջին հարցազրույցը լսողներն արձանագրել են, որ նա, ճիշտ է՝ հայրենասեր ու տրամաբանող մարդու տպավորություն է թողնում, բայց ո՛չ քաղաքական գործչի։ Նա քարոզում է ﬕասնություն, «ﬔնք»-ի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն՝ նա այդ գաղափարների իրակա՞ն կրողն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողﬕց 2026 թ․ ընտրություններին ընդառաջ ներդրվող «տրոյական ձի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հունիսի 7-ին ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները Էջմիածին քաղաքի իրենց «սրտի» քաղաքապետի թեկնածուին են գտել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ իրենց թեկնածուն պետք է լինի Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել, քանի որ Մեխակյանը նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղակալն է եղել ու քաղաքապետարանում որպես պաշտոնյա նրան չեն ընդունել: Հիմա լարված իրավիճակ է այդ առումով, քանի որ հստակ գիտեն, որ Մեխակյանի գալով՝ դժվարին ու խնդիրներով լի աշխատանք է սպասվում: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, քանի որ Մեխակյանը, լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, կարող է ՔՊ-ին այնտեղից «ձայներ բերել». այս հարցը դեռեւս քննարկման փուլում է:


Հավելենք, որ այսօր տեղի կունենա Էջմիածին համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին եւ, որպես համայնքի ղեկավար, առաջադրելու է իր թեկնածուին` Սեւակ Խաչատրյանին: Սակայն մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալելու նիստը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, հարցրինք գործուղման ժամկետների մասին։ «Կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով: Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը եւս կներկայացնի գործուղման մանրամասները»: Ուշագրավ է, որ մինչ ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին, սակայն պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբառո հանապատի։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել։ Նրանցից մեկը մեր լրագրողին ասել է, որ սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։ «Սիլ կոնցեռնի» մամլո պատասխանատուն մեզ ասաց, որ օրենքով նախատեսված կարգով՝ 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առեւտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը, դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնի զգալի առաջխաղացում է արձանագրել։ Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիք եւ պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով՝ սկսած «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ լինելուց մինչեւ շրջակա միջավայրի նախարար։ Հավելենք, որ հիշյալ ՍՊԸ-ն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչն է։ 2013-ին «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրենն է եղել։ 2018-ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական իշխանություն էր փոխվել, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն է տնօրինել, նույն տարում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։ Սիմիդյանը սպորտին էլ է առնչվել՝ 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդական նշանակվելով։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները։ Հետպատերազմյան՝ 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել, սկզբից վարչապետի խորհրդականի պաշտոնում էր, այժմ՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։


Հակոբ Սիմիդյանը ո՛չ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն է անշարժ գույք հայտարարագրել, ո՛չ էլ 2019 թվականի տարեկան հայտարարագրում։


Համաձայն հաշվետու տարվա հայտարարագրի՝ Սիմիդյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող անհատական բնակելի տունը, որը գտնվում է Երեւանում։ Հակոբ Սիմիդյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, սակայն 2024 թվականի հայտարարագրում վաճառել է 2013 թվականին ձեռք բերած, 1991 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենան։ Մեքենան գնող կողմին վաճառվել է 400 հազար ՀՀ դրամով, սակայն այս մասին տարեկան եկամուտներում Սիմիդյանը հայտարարագրում չի նշել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 3 հազար 258 դրամ, այնինչ տարեսկզբին կազմել էին 1 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ։ Սիմիդյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ, հայտարարագրել է միայն շրջակա միջավայրի նախարարությունից ստացած աշխատանքի վարձատրությունը՝ 21 մլն 259 հազար դրամը։ Այս ցանկում Սիմիդյանը, որպես եկամուտ, չի նշել մեքենայի վաճառքից ձեւավորված գումարը։ Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 148 հազար դրամ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին, եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջեւ կանգնել են 16 ցուցարարներ։


Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր Կառավարության հարցուպատասխանը, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ շենքը եւ թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ այնտեղից։


Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետեւանքով վիրավորվեց 100-ից ավելի մարդ։ Լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչեւ դաստակ ամպուտացվեց։ Ոստիկանությունը կիրառել էր «Զարյա» տեսակի առնվազն 20 լուսաձայնային նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում եւ մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Վիրավորվեցին լրագրողներ, օպերատորներ, սակայն մինչ օրս կիրառած որեւէ նռնակի համար մեղադրյալ չկա։


Հունիսի 12-ին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այդ մասին հաղորդել էր Քննչական կոմիտեն, եւ գործը արդեն դատարանում է։


Իսկ ինչ է կատարվում ՀՀ քննչական կոմիտեում անջատված մասով. պարզվում է՝ մեկ տարի է քննությունը շարունակվում է, եւ մինչ օրս որեւէ պաշտոնյա պատասխանատվության չի կանչվել, եւ դատարանի դռներ են ընկել միայն հայրենիքի փրկության համար Բաղրամյան պողոտայում ցույց իրականացնող հասարակ քաղաքացիները»։


 


 

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում թիրախավորվում են ազգային ինստիտուտները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը