Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին:
Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով:
«Նախ և առաջ շնորհավորում եմ բոլորիս՝ Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ։
Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու ոլորտի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության նոր ուղիները։ Համոզված եմ, որ այս միջոցառումը նոր խթան կհանդիսանա հատկապես Հայաստանի ֆոնդային բորսայի ակտիվացման համար։
Այսօր մեր տնտեսությունը կարիք ունի նոր ֆինանսական ռեսուրսների, ներդրումների և նոր գործիքների՝ տնտեսական զարգացման տեմպերը բարձր մակարդակի վրա պահպանելու համար։ Գործող հնարավորությունները, մասնավորապես միայն բանկային համակարգի միջոցներն, արդեն բավարար չեն տնտեսության աճը խթանելու համար։ Կարծում եմ՝ ժամանակն է ակտիվացնել ներքին ռեսուրսների ներգրավումը տնտեսության մեջ։
Հայաստանի Հանրապետության տնտեսության վերջին շրջանի հաջողությունները պայմանավորված են մի շարք գործոններով՝ մակրոտնտեսական երկարաժամկետ աճ, հավասարակշռված բյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի կայունություն, ֆինանսների հասանելիության աճ։
Երբ խոսք է գնում Հայաստանի տնտեսական զարգացումներից, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մեր տնտեսությունը մեծ թափով զարգացել է՝ գրանցելով միջինում 7–8 տոկոս տնտեսական աճ։ Մասնագետների շրջանում հստակ համաձայնություն կա, որ տնտեսական աճը բարձրացել է։
Դա դարձել է իրականություն կառավարության հետևողական ջանքերի, ինչպես նաև որոշ օբյեկտիվ արտաքին գործոնների ազդեցության շնորհիվ։
Այս գործընթացում մեծ դեր ունեն կառավարության կողմից իրականացվող հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են բարձրացնելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին ու օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները։
Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում կառավարության և Կենտրոնական բանկի կողմից մակրոտնտեսական կայունության ապահովման ուղղությամբ գործադրած ջանքերը։ Դա յուրաքանչյուր երկրի ներդրումային գրավչության հիմնասյուներից է։ Այդ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել բարձր աճի տեմպերը և գրանցել ցածր գնաճ՝ բացառիկ արդյունք՝ համաշխարհային մակարդակով։
Մեր երկրի զարգացման հիմնական ուղղություններն են՝ գիտությունը, կրթությունը և բարձր տեխնոլոգիաները։ Հայաստանը նպատակ ունի ձևավորել տնտեսություն, որը մի կողմից կարտադրի և կարտահանվի տեխնոլոգիական ու նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից՝ զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի առևտրային հոսքերը սպասարկելու կարողությունները։
Մենք ձգտում ենք հաստատվել աշխարհում որպես գիտելիքահեն հարթակ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա։
Այս նպատակով կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները՝ դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ, ինչպես նաև կրթական համակարգի բարեփոխումներով՝ ավելացնելով պետական բյուջեից հատկացումները կրթությանը և գիտությանը։
Մի քանի թիվ՝ 2020 թվականին գիտության ոլորտում ծախսերը կազմել են 13 միլիարդ դրամ, իսկ 2024-ին՝ 32 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.1 տոկոսը։ Կրթության ոլորտում 2020-ի 144 միլիարդ դրամ ծախսերը 2024-ին դարձել են 288 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը։
Մեկնարկել է նաև բեկումնային ծրագիր՝ Ակադեմիական քաղաքի կառուցումը, որի նպատակը բարձրագույն կրթության որակի բարձրացումն է և հետազոտական ու մշակումների էկոհամակարգի ձևավորումը։
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ։ Այս ոլորտի լավագույն ավանդույթները վերածվել են միջավայրի, որտեղ միահյուսվում են համաշխարհային տեխնոլոգիական հսկաները՝ NVIDIA, Synopsys, Siemens, Adobe և այլն, ինչպես նաև Հայաստանից սկիզբ առած հաջողակ ստարտափները՝ Pixart, Service Titan, և այլք։
Տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերը, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը։
Լինելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի հիմնարար պայմաններից են հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը։
Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որի ավարտի մասին հայտարարվեց այս տարվա մարտին, և ակնկալվում է համաձայնագրի ստորագրումը։ Մենք հավատում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լինել համախմբող և ինտեգրող գործոն բոլոր երկրների համար։
Միայն բոլոր կողմերի մասնակցությամբ և կենսական շահերի համադրմամբ կարելի է ստեղծել համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ։
Այս նպատակով մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանում համագործակցության վերականգնմանը և ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերի ակտիվացմանը։
Այս ամենին կարող է նոր թափ հաղորդել արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից են ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։
Հայաստանը մեծ թափով ձեռնամուխ է եղել արդարադատության համակարգի վերափոխմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի կառուցմանը։
Վերը նշված ուղղություններն ու նախաձեռնությունները նպատակ ունեն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք հարթում են ճանապարհը խաղաղ և բարգավաճող Հայաստանի ու Հարավային Կովկասի համար՝ մեր տարածաշրջանի ներդրումն ունենալու գլոբալ տնտեսական զարգացման, բնակչության բարեկեցության բարձրացման և համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, ինչպես նաև Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակի առթիվ։ Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»։