30.05.2025
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

Պետական գույքն այլևս անվճար չէ․ կառավարությունն առաջարկում է վարձակալության նոր համակարգ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Կառավարությունը նախաձեռնում է պետական գույքի օգտագործման նոր կարգ՝ այն նախատեսվում է տրամադրել պետական կառույցներին ու կազմակերպություններին վարձակալությամբ՝ վճարները փոխանցելով պետական բյուջե։ Նպատակն է կարգավորել հոսքերը, բարձրացնել վերահսկողությունն ու խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։


Հայաստանում տասնամյակներով ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը հանգեցրել է մի շարք լուրջ խնդիրների՝ գույքի թերի, երբեմն նաև աննպատակ օգտագործում, լիարժեք վերահսկողության բացակայություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարեց՝ եկել է ժամանակը համակարգը փոխելու։


Նախարարը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին և պետական մասնակցությամբ ընկերություններին տրամադրվող անշարժ գույքը այսուհետ կհաշվառվի որպես վարձակալված՝ կառավարության սահմանած կարգով, իսկ վճարները կուղղվեն պետական բյուջե։ Սակայն ինչպես նշեց նախարարը, պետության համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա, քանի որ վարձավճարները կֆինանսավորվեն հենց բյուջեից։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս քայլը կարևոր է թե՛ տնտեսական, թե՛ արժեքային տեսանկյունից. «Ոչ մի բան անվճար չէ։ Այն, ինչ անվճար է, արժեք չունի։ Պետք է փոխենք մեր վերաբերմունքը պետական գույքի նկատմամբ»։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ արձագանքեց՝ սա մրցակցության իրական դաշտ ստեղծելու փորձ է, քանի որ ներկայիս իրավիճակում պետությունն անհամաչափ պայմաններ է ստեղծում՝ անտեսելով մասնավորի շահերը։ «Փաստացի ստեղծում ենք մի վիրտուալ կապիտալ ներդրում, որը հաշվապահության մեջ չի արտացոլվում, սակայն խեղդում է մասնավոր ոլորտը»։


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավելեց՝ պետք է գույքագրել և գնահատել պետական կառույցների ծառայությունները՝ հասկանալու դրանց իրական արժեքը։ Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առաջարկեց մանրամասն քննարկել նախագիծը խորհրդարանում՝ հաշվի առնելով դպրոցների ու մշակութային հաստատությունների առանձնահատկությունները։


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ սկզբնական շրջանում համակարգը լոկ հաշվապահական ձևակերպում կունենա։ Սակայն եթե, օրինակ, որևէ կառույց օգտագործում է 100 միլիոն դրամ արժեք ունեցող գույք, ապա, երբ դա արտացոլվի բյուջեում, կառույցը ստիպված կլինի վերագնահատել՝ արդյոք ամբողջ այդ տարածքն իրեն անհրաժեշտ է, թե հնարավոր է օպտիմալացնել։


Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ շեշտեց՝ անհրաժեշտ է շտապ սկսել գույքային իրավունքների գրանցումը, որպեսզի համակարգի գործարկման ժամանակ բյուրոկրատական խոչընդոտներ չառաջանան։


Վարչապետ Փաշինյանը ամփոփեց՝ սա հերթական բարեփոխումն է, որը պետք է իրականացնել՝ գիտակցելով, որ ճանապարհին հնարավոր է հանդիպել դիմադրության։ Բայց փոփոխությունը կարևոր է՝ պետությունը պետք է ունենա կարգապահ մոտեցում՝ նաև իր սեփական գույքի նկատմամբ։


 

Պապիկյանը փակ հանդիպում է ունենում ՔՊ պատգամավորների հետ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով